Տնտեսագիտական մասնագիտություններն այս տարի մրցակցային չեն եղել. ԳԹԿ փոխտնօրեն
Հայաստանում 2021 բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1800 էր, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21 հազար 820: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասուլիսում ասաց, որ ԳԹԿ-ում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել էր 11 հազար 58 դիմորդ, ընդունվել է 8083-ը: Մրցույթից դուրս է մնացել 2935 դիմորդ, որի մեջ մտնում են նաև նրանք, ովքեր կտրվել են՝ 1546:
Նա տեղեկացրեց, որ դիմորդների շրջանում ամենաշատ պահանջվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող մասնագիտություններն են: Կարո Նասիբյանն ասաց, որ պահանջված էր իրավագիտությունը: Իրավագիտության դիմորդների գրեթե կեսը ընդունվել է: Պահանջված էին նաև բժշկական մասնագիտությունները, հիմնականում բուժական գործը և ստոմատոլոգիան:
ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, եթե տարիներ շարունակ պահանջված էին տնտեսագիտական մասնագիտությունները, հատկապես, «Ֆինանսներ և վարկ»-ը, «Կառավարում»-ը, այս տարի կարելի է ասել մրցակցություն չի եղել և ցածր միավորներով դիմորդներն ընդունվել են:
«Ընդհանրապես, տնտեսագիտական մասնագիտութուններում ունենք թափուր տեղեր»,- ասաց նա:
Կ. Նասիբյանը հայտնեց, որ քիմիային վերաբերող մասնագիտությունները, կրոնագիտություն, աստվածաբանություն, արվեստաբանություն, մշակութաբանություն մասնագիտություններում թափուր տեղերը շատ են:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում հուլիսի 19-ին մեկնարկում է մինչև հուլիսի 26-ը ներառյալ 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը: Կ Նասիբյանի խոսքով, թափուր տեղերը բավականին շատ են՝ 15 հազար, քանի որ բացի պետական բուհերից ընդգրկված են ոչ պետական բուհերը:
«Այն դիմորդները, ովքեր դրական միավորներով դուրս են մնացել, կարող են նորից հայտագրվել: Հայտագրումը կատարվելու է հետևյալ կերպ՝ դիմորդն ընտրելու է մինչև վեց մասնագիտություն, այդ վեց մասնագիտությունների դեպքում առավելությունը տրվելու է միավորին, ավելի բարձր հավաքած դիմորդներին»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը: