Այս որոշման իրագործումը կբերի անդառնալի, հերթական մշակութային կորստի. Վարդան Պետրոսյան
Դերասան Վարդան Պետրոսյանը կոչով դիմել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կապված Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման՝ գերատեսչության ցանկության հետ։
«Մշակույթի նախարարությունը, կամ, ավելի ճիշտ` ԿԳՄՍ-ն, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո, որոշել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ։
Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար, այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած` որ ուղղակի կփակվի ևս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ։ Արդյունքում, մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն։ Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ։
Այս որոշման իրագործումը ցավալի հետևանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի, հերթական, մշակութային կորստի` մեր թատերական կյանքում։
Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը` հետ կանգնել այս որոշումից և վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ»,- գրել է Վ. Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երաժշտական Կամերային թատրոնը պիտի ապրի իր տանը, իր ծածկի տակ. ՀՀ վաստակավոր արտիստ
- ԿԳՄՍՆ ցանկանում է միավորել Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան