Կլինի աղետալի մի բան. Սամսոն Ստեփանյանը՝ Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման մասին
«Մեզ ասում են՝ առաջարկած տարբերակին համաձայնվելու դեպքում կունենաք շատ լավ պայմաններ ստեղծագործական գործունեության համար: Սա համարում եմ գեղեցիկ հեքիաթ, որը չի համապատասխանում իրականությանը»,- ասուլիսում ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն՝ անդրադառնալով նրան, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադրություն ունի միավորել Պետական կամերային երաժշտական թատրոնը և Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:
Նրա գնահատմամբ, փաստարկները, որոնք բերված են այդ գործընթացն իրականացնելու համար, ավելի քան անհեթեթ են, իսկ շենքը պետք է տրամադրվի Սիմֆոնիկ նվագախմբին:
«Իրականությունն ինձ համար շատ պարզ է՝ մեր հաշվին ուզում են ազատել մեկ շենք, որը կտրամադրեն սիմֆոնիկին, թե ոչ, հետագա ճակատագիրն ինչ կլինի, անհայտ է: Թեպետ ենթադրություններ կարելի է անել, որոնք հեռու չեն լինի ճշմարտությունից»,- ասաց նա:
Ս.Ստեփանյանը նշեց, որ երկու թատրոնների մեջ միայն երաժշտական բառն է ընդհանուր, որևէ այլ եզր չկա։
«Երկու տարբեր ձևաչափերի, մտածողության, ուղղության, տարբեր խաղացանկեր, երկու տարբեր ստեղծագործական մթնոլորտ ունեցող թատրոններ են: Կլինի աղետալի մի բան: Մենք բոլորս կորցնում ենք մեր աշխատանքը: Պարոնյանի անվան թատրոնն ընկնում է կատաստրոֆիկ վիճակի մեջ:
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը համարում է, որ մենք վաղուց արդեն գոյություն չունենք, մահացել ենք և մահանում ենք և պետք է թողնել՝ մենք մահանանք, և անախրոնիզմ է համարում այն, որ թատրոնը մեզ համար տուն է, մեզ համար տաճար է»,- ասաց Ս. Ստեփանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս որոշման իրագործումը կբերի անդառնալի, հերթական մշակութային կորստի. Վարդան Պետրոսյան
- Երաժշտական Կամերային թատրոնը պիտի ապրի իր տանը, իր ծածկի տակ. ՀՀ վաստակավոր արտիստ
- ԿԳՄՍՆ ցանկանում է միավորել Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնները