Միջազգային կինոփառատոնի կինոշուկայի ծրագրում առաջին անգամ ներառվել է Հայաստանը ներկայացնող ֆիլմ
Հուլիսի 21-ից 23-ը Իռլանդական Գոլվեյ քաղաքում անցկացվող միջազգային կինոփառատոնի կինոշուկան պաշտոնական ծրագրում առաջին անգամ ներառել է Հայաստանը ներկայացնող ֆիլմ։ Այս մասին հայտնում է «Պարալլելս Ֆիլմ պրոդաքշնը»։
«Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայ-գերմանական «Բեքսթեյջ» ֆիլմն ընդգրկված է կինոշուկայի՝ ավարտման փուլում գտնվող ֆիլմերի ծրագրում։
Եվրոպայի եզրագծին գտնվող Գոլվեյը ունի Եվրոպան Ամերիկայի հետ կապող տրանսատլանտիկ կամուրջի կարգավիճակ և ֆինանսիստներին տրամադրվող արտոնյալ պայմանների, նոր Եվրոպական կինոն դիստրիբյուտորներին ու կինոփառատոներին ներկայացնելու երկարամյա փորձի շնորհիվ, երկու աշխարհամասերի կինոյի մասնագետների հանդիպման ավանդական վայր է։
Կինոշուկայում ծրագրված են ընտրված ֆիլմերի արտադրողների և հրավիրված ֆինանսիստների, վաճառքի գործակալների, հեռարձակողների, կինոհիմնադրամների, կինոփառատոների ներկայացուցիչների նախապես համաձայնեցված հանդիպումներ։ Հայկական ֆիլմի արտադրողներն արդեն ստացել են հանդիպումների ժամանակացույցը։
«Բեքսթեյջը» հայկական միակ ֆիլմն է, որի դեմ Հայաստանում կինոյի պետական կառույցի դիմումով քրեական գործ է հարուցվել (կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով), ինչի արդյունքում կասեցվել է ընկերության մեկ այլ՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի երաշխավորված պետական ֆինանսավորումը։ Գոլվեյը լավ հնարավորություն է ՝ «Բեքսթեյջը» ավարտելու, ֆիլմի համաշխարհային պրեմիերայի վայրն ու վաճառքի ռազմավարությունը հաստատելու համար։
«Բեքսթեյջը» պատմում է ժամանակակից Հայաստանում արվեստի պետական կառավարման համակարգի անմարդկային էության, ստեղծագործողի անպաշտպանվածության, ստեղծագործությունը ավարտին հասցնելու համար ծանր գնի ու զոհաբերության մասին։
The Galway Film Fair-ում ֆիլմը կներկայացնեն պրոդյուսերներ Անի և Հովհաննես Գալստյանները՝ Հայաստանից, և համաարտադրող Լաուրա Քլևերը՝ Գերմանիայից»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները