Նորվեգացի հանդբոլիստուհիներին պատժել են բիկինիով խաղալուց հրաժարվելու համար
Լողափնյա հանդբոլի Նորվեգիայի կանանց հավաքականը պատժվել է Եվրոպայի առաջնությունում բիկինիով խաղալուց հրաժարվելու համար, գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով «Daily Mail»-ին։
Մարզուհիները Իսպանիայի հավաքականի դեմ խաղը բիկինիի փոխարեն խաղացել են սպորտային շորտերով։ Հանդբոլի եվրոպական ֆեդերացիան (EHF) հանդբոլիստուհիներին մեղադրել է հանդերձանքի կանոնները խախտելու մեջ և տուգանել 1,5 հազար եվրոյով:
Ավելի վաղ նորվեգուհիները հայտարարել էին, որ բիկինիները չափազանց անհարմար են ամսականների ժամանակ, ինչպես նաև չափազանց սեքսուալ տեսք են տալիս: Նրանց աջակցել է Ֆրանսիայի հավաքականի ներկայացուցիչ Վալերի Նիկոլան։
«Մենք կորցնում ենք խաղացողներին մարզավիճակի հետ կապված խնդիրների պատճառով։ Նաև չմոռանանք անհարմարությունը ամսականների ժամանակ։ Եթե մինչև հաջորդ առաջնությունը ոչինչ չփոխվի, ես կպնդեմ, որ մարզուհիները հագնվեն այնպես, ինչպես իրենց հարմար է՝ անկախ հետևանքներից»,- հայտարարել է Նիկոլան։