ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՔՈՎԻԴ 19-ի պատճառով ծնողական խնամքից զրկված երեխաների վերաբերյալ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հայտարարությամբ է հանդես եկել ՔՈՎԻԴ - 19-ի պատճառով ծնողական խնամքից զրկված երեխաների վերաբերյալ, որը տարածել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Երևանում.
«Քանի որ ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով մահերի թիվն ամբողջ աշխարհում ավելի վաղ այս ամիս պաշտոնապես անցավ 4 միլիոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը չափազանց մտահոգված է այն երեխաների համար, որոնք միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են դարձել։
Ինչպես դա պատահում է ճգնաժամերի և համավարակների դեպքերում, ամենախոցելի երեխաներն առանց ծնողական խնամքի մնալու վտանգի տակ են՝ մահվան, ծանր հիվանդության կամ ֆինանսական դժվարությունների հետևանքով։ Սա, իր հերթին, մեծացնում է վտանգը, որ այս երեխաներին կտեղավորեն անհամապատասխան այլընտրանքային խնամքի կենտրոններում։
Չնայած դեռևս չափազանց վաղ է գնահատել, թե քանի երեխա է համավարակի հետևանքով մնացել առանց ծնողի, որոշ երկրներում մահերի թվի կտրուկ աճը նշանակում է՝ շատ երեխաներ, ովքեր արդեն իսկ տուժել են ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով, առերեսվում են խնդիրների թե՛ հուզական, թե՛ պաշտպանության առումով։
Վաղուց փաստարկված է, թե ինչպես է ընտանիքից բաժանումը և ոչ ճիշտ այլընտրանքային խնամքը, մասնավորապես տարբեր հաստատություններում, թե՛ անմիջական և թե՛ երկարաժամկետ առումով վնաս հասցնում։ Հաստատությունները հաճախ բնութագրվում են ըստ էության վնասակար կենսակերպով: Երեխաներին կարող են ստիպել ապրել համակեցության և ֆիքսված ռեժիմի պայմաններում, որոնք համապատասխանեցված չեն իրենց կարիքներին։ Շատ հաճախ, նրանց հնարավորություն չի ընձեռնվում կատարել իրենց շահերին համապատասխանող ընտրություն:
Ավելին, այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաները հաճախ կտրվում են իրենց ընտանիքներից և համայնքներից։ Զրկված լինելով ծնողական խնամքից՝ նրանք կարող են կրել ֆիզիկական, հոգեբանական, հուզական և սոցիալական տրավմաներ, որոնք, ի վերջո, ազդում են իրենց ողջ հետագա կյանքի վրա։ Այս երեխաները ավելի հավանական է, որ ենթարկվեն բռնությունների, չարաշահումների, անտեսման և շահագործման։
Որպեսզի երեխաների այս ճգնաժամը անմիջապես և տևական առումով կանխվի և դրան արձագանք տրվի, հույժ կարևոր է, որ կառավարությունները ընտանիքներին տրամադրեն նրանց անհրաժեշտ հոգեբանական, գործնական և ֆինանսական աջակցություն: Միևնույն ժամանակ, մենք պետք է աշխատենք աջակցել համակարգին, որով ծնողական խնամքից զրկված երեխաների մասին կարող են հոգ տանել ընդլայնված ընտանիքի անդամները: Այդպիսով նրանք ստիպված չեն լինի տեղափոխվել անհամապատասխան այլընտրանքային խնամքի հաստատություններ: Սա նշանակում է․
Ընտանիքներին ապահովել սոցիալական պաշտպանության, խորհրդատվության և առողջապահական ծառայությունների շարունակական հասանելիությամբ:
Խոցելի երեխաների և ընտանիքների պաշտպանությամբ զբաղվող ծառայությունների, այդ թվում՝ սոցիալական աշխատողի դերի և ծառայությունների ամրապնդում:
Գործատուների հետ աշխատել ընտանիքամետ քաղաքականության խթանման ուղղությամբ, որը թույլ կտա խնամակալներին հոգ տանել երեխայի մասին ցանկացած պարագայում:
Դպրոցներն ու երեխաներին անհրաժեշտ այլ ծառայությունները պետք է բաց և հասանելի լինեն:
Քանի որ ՔՈՎԻԴ 19-ը շարունակում է փորձության ենթարկել ընտանիքներին ու համայնքներին, մենք պետք է պաշտպանենք յուրաքանչյուր երեխայի իրավունքը՝ ապրելու և մեծանալու մի միջավայրում, որն աջակցում է նրանց ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և հուզական զարգացմանը»: