Ռուսաստանի հետաքրքրությունը նրանում է, որ այնտեղ դադարեն կրակել․ Մարկեդոնովը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն այդպես էլ պետք է անվանվի՝ հայ-ադրբեջանական հակամարտություն․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս հակամարտության առանցքն էր»,- այս մասին այսօր ասաց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում վերջին օրերին լարվածության կտրուկ աճի վերաբերյալ քննարկման ժամանակ։
Մարկեդոնովի խոսքով, ուշ խորհրդային, կամ հետխորհրդային պատմությունը դիտելու դեպքում կտեսնեն, որ բռնկումներ եղել են և Նախիջևանի, և Տավուշի ուղղություններում, պայքար եղել է անկլավների շուրջ։
«Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությունից հետո առաջանում են նոր ուղղություններ: Սահմանները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից դուրս դեմարկացված, դելիմիտացված չէ։ Բնականաբար, առաջանում է գայթակղություն»,- նշեց Մարկեդոնովը։
Խոսելով իրավիճակին Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի արձագանքի մասին՝ Մարկեդոնովն ասաց, որ ՀԱՊԿ-ի հեռացվածությունը նորություն չէ։ ՀԱՊԿ-ի մեջ մտնում են տարբեր երկրներ, որոնք տարբեր մակարդակի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։
«Կարծում եմ, նույն Հայաստանին ընդհանրապես հետաքրքիր չէ Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև հակամարտության պատմությունը, ու հազիվ թե նա այնտեղ խառնվի, կամ իրավիճակը Բելառուս-Ուկրաինա սահմանին։ ՀԱՊԿ-ն այսպիսի կառույց է, այնպիսին, ինչպիսին կա»,- ընդգծեց Մարկեդոնովը։
Անդրադառնալով Ռուսաստանին ու նրա ձգտումներին՝ քաղաքագետը նշեց, որ այն չի կարող լինել միանշանակ պրոհայկական, կամ պրոադրբեջանական, այս կամ այն երկիրն ունի իր պնդումները։
«Ռուսաստանի հետաքրքրությունը նրանում է, որ այնտեղ դադարեն կրակել, քանի որ որքան շատ կրակեն, այդքան ավելի շատ կլինեն արտաքին տարբեր միջամտությունները, որոնք Ռուսաստանին պետք չեն»,- ընդգծեց Մարկեդոնովը։
Իսկ ինչ վերաբերվում է «միջանցքին», քաղաքագետի խոսքերով, Մոսկվան ասում է, որ «բոլոր նախկին մոտեցումները, որ Բաքուն ու Երևանը կգտնեն ինչ-որ կոմպրոմիս, չի աշխատում, եկեք տնտեսության, կոմունիկացիաների ապաշրջափակման միջոցով փորձենք կողմերին ստիպել լինել պրագմատիկ»։
«Սա է Մոսկվայի տրամաբանությունը։ Կարելի՞ է Մոսկվային սրա համար մեղադրել, թե ոչ, միգուցե ինչ-որ մեկը կարող է դա անել ու կանեն, ինչը նորմալ է։ Երկրներից յուրաքանչյուրը, հատկապես ներգրավված սուր հակամարտությունում, ցանկանում է Մոսկվային տեսնել իր կողմում»,-նշեց Մարկեդոնովը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան