Իշխանությունը հանրության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելով՝ փորձելու է արդարացնել իր զիջումները. Տիգրան Աբրահամյան
«Հակված եմ կարծելու, որ իշխանությունը ստեղծված ծանր պայմաններում քաղաքական, դիվանագիտական, ռազմական տեսանկյունից որևէ լուրջ միջոցառում չի իրականացում»,- ասուլիսում ասաց անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին:
Նա նշեց, որ սա իր մոտ որոշակի կասկածներ, մտահոգություններ է առաջանում առ այն, որ սա որոշակի գցված խաղի տրամաբանության ներքո է. «Բնական է՝ Հայաստանին պարտադրված նոր զիջումները չեն կարող լինել խաղաղ ճանապարհով, և իշխանությունը, հանրության շրջանում վախի մթնոլորտ կամ պատերազմի ուռճացված սպառնալիքներ փոխանցելով, հետագայում փորձելու է դրա հիմնավորմամբ արդարացնել իր զիջումները»:
Տ. Աբրահամյանը հիշեցրեց, որ այսպիսի իրավիճակ էր նաև 2020 թվականի նոյեմբերից հետո, երբ նման հիմնավորման տակ Փաշինյանը հրադադարը հաստատող փաստաթղթի մեջ չտեղավորվող տարածքների հանձնումը փորձում էր արդարացնել պատերազմի սպառնալիքով:
«Ներկայումս ինձ մոտ մտահոգություն կա, որ կարող է սցենարային այդ տարբերակը կրկնվել, իշխանությունը գնա զիջումների ու դա ներկայացնի որպես երկիրը պատերազմից փրկելու միջոց»,- ասաց Տ.Աբրահամյանը:
Նրա խոսքով, ռազմական ղեկավարությունը ի վիճակի չէ ապահովելու ՀՀ և Արցախի անվտանգությունը:
«Արցախի անվտանգությունն ապահովելուց այս մարդիկ արդեն հրաժարվել են քաղաքական իմաստով, այս մարդիկ ի վիճակի չեն նույնիսկ մեծ ցանկության պարագայում ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- նշեց փորձագետը:
Տ.Աբրահամյանն ասաց, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եռակողմ փաստաթղթից հետո 9 ամիս է անցել, իսկ Հայաստանը միայն հայտարարություններով է խոսում բանակի վերանայումների, փոփոխությունների, մարտունակության վերականգնման, հնարավոր բարեփոխումների մասին, այն ամենի, ինչ կախված է ՀՀ Զինված ուժերի գլխավոր խնդիրների կատարման հետ:
«Այս պարագայում այս մարդիկ տապալել են այդ գործընթացը, այդ տապալման արդյունքում Ադրբեջանը քաղաքական, ռազմական, հոգեբանական տնտեսական առումով մեծ առավելություններ է ստացել ոչ միայն զուտ պատերազմի հետևանքով, նաև հետպատերազմյան ժամանակահատվածում և այս մարդիկ որևէ ձևով ի վիճակի չեն լինելու լուծելու մեր ժողովրդի առջև ստանձնած այն պարտավորությունները, որոնք ամրագրված են նաև Սահմանադրությամբ»,- ասաց անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երասխի հատվածում ադրբեջանցիների ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել. Աբրահամյան
- Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել. Աբրահամյան
- Ադրբեջանը փորձելու է ճնշումները մեծացնել, որպեսզի ամբողջացնի Հայաստանի կապիտուլացիայի երկրորդ փուլը. Աբրահամյան
- Տպավորություն ունեմ, որ իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան