Երասխի դեպքերը կխորանան, կծավալվեն․ Տիգրան Չոբանյան
«Մեր տարածաշրջանում իրականանում են որոշակի գործառույթներ, որոնցում իր ուրույն մասնակցությունն ունեն ՀՀ իշխանությունները։ Այդ գործառույթներին մեր իշխանությունների մասնակցությունն հակապետական է և հետևաբար նպատակ ունի կործանելու հայկական պետականությունը։ Մենք զգուշացնում էինք, որ այս մարդու՝ վարչապետի ԺՊ ՀՀ պետական թշնամին, ունի, ըստ ինձ, առանց ապացույցների, որոշակի պայմանավորվածություններ՝ ստորագրության մակարդակի և հետևաբար, այն ծանրագույն խնդիրները, որ կարող են ինչ-որ ըմբոստություն առաջացնեն զանգվածների մեջ, հարկավոր ինչ-որ ձևով մեղմել, շեղել ու այլ ճանապարհներով հասնել իր նպատակին, ինչը և այս ընթացքում հաջողությամբ կատարում է»,-այս մասին այսօր ասաց Հայոց ազգային գվարդիայի հրամանատար, «Հայահավաք» շարժման խորհրդի անդամ Տիգրան Չոբանյանը։
Երասխի ուղղությամբ գործողությունները, Չոբանյանի խոսքերով, այս պահին ունեն կարճաժամկետ ու երկարաժամկետ խնդիրներ։
«Կարճաժամկետ խնդիրը՝ առաջացնել վախ ու խուճապ ու դրա շնորհիվ հասնել նրան, որ կտրուկ ընդհատվի Հայաստանի մեջ կապվածությունը Սյունիքի, Վայք, Վայոց Ձորի, մինչև Գորիս և Մեղրի»,-ասաց Չոբանյանը, հավելելով, որ Երասխն այն խաչմերուկն է, որտեղից տարանջատվում են ճանապարհներ, որոնցից մեկը գնում է Սյունիք։
Չոբանյանի խոսքերով, եթե այդ ճանապարհը բացարձակապես վտանգավոր է ու չկա երաշխիք մեր քաղաքացիների անվտանգ տեղաշարժի համար, ապա տեղաշարժը դեպի Սյունիք ու հակառակ ուղղությամբ ընդհատվելու է, մատակարարումներն ընդհատվելու են, Սյունիքը հերթական թուլացման մի հզոր հարված կստանա ու դրանից հետո պատճառաբանում կլինի, որ թշնամին այնքան զորեղ էր, որ չկարողացանք տարածքը պահել։
«Միջնաժամկետ խնդիրը նրանում է, որ զուգահեռ Ադրբեջանն ու մեր ներկա, այսպես կոչված, իշխանությունները, թաքցնում են շատ վտանգավոր Հայաստանի համար իրադարձություն ու դրանից շեղելու գործընթաց է գնում, որի ժամանակ կսկսվեն նաև զոհեր հայտնվել, մեծ ծավալի իրադարձություններ կսկսեն ի հայտ գալ, աղմուկ կբարձրացվի ու այս քողի տակ տեղի կունենա մի շատ վտանգավոր բան։ Ամենակարևորը, Երասխում մարտական զինված բախումների պայթյունը սպասելի էր այն առումով, որ Սյունիքի հատվածում տեղակայվել են ռուսական զորամիավորումներ, որոնք կոչված են հնարավորինս այդ հատվածում ապահովել զինադադար։ Եվ միակ անպաշտպան հատվածը, որն այս պահին վերահսկվում է միայն հայկական զորքերով, պետք էր այդտեղից սկսել որոշակի գործողություն։ Հատվածն ընտրված է շատ գրագետ ռազմավարական տեսանկյունից»,-ասում է Չոբանյանը։
Տիգրան Չոբանյանը հիշեցնում է, որ բոլորովին վերջերս Նախիջևանի տարածքում տեղի ունեցավ թուրք-ադրբեջանական երեք զորավարժություններ, որոնց մարտական խնդիրները ու վարժանքները Հայաստանի դեմ ենթադրյալ գործողություններն էին։
«Երասխի դեպքերը ես կանխագուշակում էի և, ենթադրում եմ, որ կխորանան, կծավալվեն, հետևանքները կլինեն բավական վատը»,-ասաց Տիգրան Չոբանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան