Թբիլիսիի Ցիցիշվիլիի կլինիկայում մահացել է կորոնավիրուսով վարակված նորածինը
Թբիլիսիի Ցիցիշվիլիի կլինիկայում մահացել է շնչառական սարքին միացված կորոնավիրուսով վարակված երկրորդ նորածինը։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, ասել է Ցիցիշվիլիի նոր մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին:
Ըստ Ռեխվիաշվիլիի, երեխան հուլիսի 1-ին ծանր շնչառական անբավարարությամբ Աբխազիայից տեղափոխվել էր Թբիլիսի, և այդ ժամանակվանից միացված էր արհեստական շնչառության սարքին:
«Երեխան, որը մոտ երկու ամսական էր, վարակված է կորոնավիրուսի հնդկական շտամով: Նրա մոտ կովիդ-վարակ էր հաստատվել հունիսի 24-ին: Նա բուժվել է Սոխումիի կլինիկայում և իրավիճակի ծանրացումից հետո տեղափոխվել մեզ մոտ: Կլինիկա մտնելուն պես, հիվանդի վիճակը ծայրաստիճան ծանր էր, մի քանի ժամից իրականացվել էր ինտուբացիա և միացվել արհեստական շնչառության սարքին: Հենց սկզբից ներգրավված էին «Evex»-ի բժշկական խորհուրդը և Վրաստանի բժշկական հասարակությունը: Բուժման և մոնիտորինգի համար օգտագործվել են բոլոր ժամանակակից մեթոդները, բայց երեկ մի ցավալի փաստ տեղի ունեցավ: Գիշերային ժամերին արձանագրվել է հիվանդի մահը: Ուղեկցող և քրոնիկ հիվանդություններ չեն դիտվել: Հետևաբար, հիմնական պատճառը կովիդ-վարակն է, որը հանգեցրել է շնչառական դիստրեսի: Մայրը ապաքինվել է և չի մնում կլինիկայում», – ասել է կլինիկայի տնօրենը։
Ինչ վերաբերում է կլինիկայում գտնվող երրորդ նորածնին, որը վարակված է կորոնավիրուսով, նրա առողջական վիճակը բարելավվել է:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի Ցիցիշվիլիի անվան կլինիկայում կորոնավիրուսով վարակված նորածինը մահացել է
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված և ԹԱՕ սարքին միացված բոլոր երեք նորածինների վիճակը կայուն ծանր է