ԱՄՆ-ը հայտարարել է՝ С-400-ների համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների պահպանման անհրաժեշտության մասին
ԱՄՆ-ը պետք է պահպանի Թուրքիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները, քանի դեռ Անկարան չի ազատվել Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերից: Այս կարծիքը երեքշաբթի օրը հայտնել է Կարին Դոնֆրիդը, որն առաջադրվել է պետքարտուղարի օգնականի պաշտոնում՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով: Այս մասին գրում է Tass-ը։
«Նախագահ Մենենդես, ես կասեի, որ մենք պետք է պատժամիջոցները պահպանենք Թուրքիայի նկատմամբ, քանի դեռ նա ունի С-400», - ասել է ամերիկացի դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ՝ պատասխանելով կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի հարցերին, որոնք վերաբերում էին Թուրքիային և С-400-ին:
ԱՄՆ նախագահ eո Բայդենը Դոնֆրիդի թեկնածությունն առաջադրել է ապրիլի վերջին: Նոր պաշտոնում նա պետք է հաստատվի Սենատի կողմից:
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանագիր են կնքել 2017-ին՝ Մոսկվայի կողմից Անկարային С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը Ռուսաստանից ձեռք բերեց այդ համակարգերը: Անկարայի որոշումը առաջացրեց Վաշինգտոնի և ընդհանուր առմամբ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: ԱՄՆ-ը չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան չի հանձնվում ճնշմանը և չի ազատվում С-400-ից, Վաշինգտոնը հեռացրեց Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից: 2020-ի դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ:
Հավելենք, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից գնել С-400-ի երկրորդ խմբաքանակը։