Տավուշ ամրոցի տարածքում պեղումները վերսկսվել են
Հուլիսի 14-ից Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են: Այս մասին հայտնում է Բերդի համայնքապետարանը:
Աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարի և դադարեցվել 44-օրյա պատերազմի պատճառով: Պեղումներն իրականցնում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյանը և Հարություն Բադալյանը: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:
«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը: Այն չի պահպանվել», - ասել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:
Միջնաբերդի պարսպին կից հատվածում բացվել են սենյակներ:
«Հայտնաբերվել են երկանքի քարեր, օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ: Սակայն հետաքրքրական է հատկապես այս շերտից գտնված խաչքարը(հավանաբար 12-13-րդ դդ): Խաչքարի առկայությունն այստեղ, իհարկե, տարօրինակ է, բայց շատ հետաքրքիր ու կարևոր գտածո է»,- հայտնել է նա:
Գիտաշխատողները նշել են, որ սպասելիքները մեծ են:
«Պետք է նշեմ, որ տարածքում նաև ամրակայման աշխատանքների անհրաժեշտություն կա: Մենք ներկայացրել ենք խնդիրը: Մասնակի ամրակայման աշխատանքների դեպքում կարող ենք ընդլայնել նաև պեղման աշխատանքները: Եթե ամեն ինչ ընթանա բնականոն հունով, առաջիկա մի քանի տարիների ընթացքում մեր պատկերացումներն ամրոցի մասին էականորեն կփոխվեն, կհամալրվեն նոր տեղեկություններով»,- նշել է Տիգրան Ալեքսանյանը:
Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումներն իրականացվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան