«Հրապարակ». Փաշինյանն իրավունք չունի ներկայիս կարգավիճակում նախարար կամ նախարարի ԺՊ նշանակել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի ԺՊ-ի պաշտոնից, ապա նախագահականից լրատվամիջոցներին հայտնեցին, որ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի թեկնածությունը։ Մինչդեռ Փաշինյանն իրավունք չունի ներկայիս կարգավիճակում նախարար կամ նախարարի ԺՊ նշանակել, քանի որ ինքն էլ է ԺՊ։
Սահմանադրության 150-րդ հոդվածն ասում է․ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է ՍԴ: ՍԴ-ն դիմումը քննում և որոշում է կայացնում 5-օրյա ժամկետում:
Եթե նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»։ Հավանաբար, ավելի ուշ գիտակցեցին, և օրվա վերջին Կարապետյանը նշանակվեց Պնախարարի առաջին տեղակալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: