ANSEF 2021թ․ մրցանակակիրները՝ Բյուրականի աստղադիտարանում
Այսօր Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հյուրընկալեց Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) մրցանակակիրներին։Այս մասին տեղեկացնում են աստղադիտարանից։
«Հանդիպումը նվիրված էր միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների ու հնարավոր համագործակցությունների քննարկմանը, ինչպես նաև նպատակ էր հետապնդում ՀՀ ակտիվ գիտնակաների կապի ստեղծման:
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ՀՕՖ-ի փոխտնօրեն, ՀՕՖ-ի գիտակրթական ծրագրերի ղեկավար, ANSEF-ի խորհրդի անդամ Էդուարդ Կարապետյանի զեկուցումը, ունկնդրելու դասախոսություն ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի կողմից, «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» թեմայով։ Հյուրերը նաև շրջեցին ԲԱ տարածքով՝ այցելելով Վ․ Համբարձումյանի տուն-թանգարան, Շմիդտի համակարգի 1 մետրանոց հայելու տրամագծով աստղադիտակ և 2,6 մետր հայելու տրամագծով աստղադիտակ։
Նշենք, որ այս տարի Երվանդ Թերզյանի ANSEF մրցանակի արժանացած աշխատանքներից 3-ն աստղագիտական էին, ղեկավարներ՝ ԲԱ տնօրեն և առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյան, ԲԱ երիտասարդ գիտաշխատող Նաիրա Ազատյան և ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տեսական աստղաֆիզիկայի խմբի ղեկավար Սարգիս Գասպարյան»,- ասվում է հաղորդագրությունում։