Ռոբերտ Քոչարյան. Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է
«Այն, ինչ այսօր կատարվում է սահմաններում, մեծ պատկերի մի փոքր հատված է»,- «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշել է՝ Երասխի դեպքերից հետո ոնց որ մոռացվել է, որ կա Սև լիճ ու Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ:
«Սա տրամաբանական շարունակությունն է այն ամեն ինչի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և պատերազմի ժամանակ, և հետպատերազմյան ժամանակահատվածում:
Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունեն, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն և ցանություն չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգն առաջ է տանում նման կարգի դրսևորումներով»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Ռ. Քոչարյանի խոսքով, նման կարգի պրովակացիոներից հետո ստեղծվում է մի վիճակ, որ ևս նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը. «Հասունացնել մի վիճակ, երբ նման փաստաթղթի ստորագրումն ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն: Դա մեկ անգամ արդեն տեսել ենք: Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է:
Այն տպավորությունն է, որ այսօր, հիմա նման մի պրոցեսի մեջ ենք»:
Հարցին՝ կարո՞ղ են ենթադրել, որ սա հնարավոր խաղաղության համաձայնագրի նախապատրաստական իրադարձություններն են, Ռ.Քոչարյանը պատասխանել է. «Գիտեք, ես հիմա ոչնչից չեմ զարմանում: Այո, կարող է նախապատրաստվում է հենց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման Հայաստանի կողմից: Իսկ սա կնշանակի ուղղակի խաչ քաշել Ղարաբաղի ապագայի վրա»:
Հարցազրույցը կհեռարձակվի այսօր ժամը 22:20-ին: