ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Չինաստանին մեղադրում են համաշխարհային կիբերլրտեսության մեջ
Միացյալ Նահանգները, Կանադան, ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ճապոնիան ու Նոր Զելանդիան դատապարտում են Չինաստանի կողմից իրականացվող կիբերլրտեսությունը, որը, ըստ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, «լուրջ սպառնալիք է» տնտեսության և ազգային անվտանգության համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին երկուշաբթի օրն ասել է, որ Բայդենի վարչակազմն ունի Չինաստանի դեմ հավելյալ գործողությունների դիմելու իրավունք: Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունն այս առնչությամբ դեռևս հանդես չի եկել մեկնաբանությամբ:
Չինաստանի պաշտոնատար անձինք նախկինում հայտարարել էին, որ Չինաստանը նույնպես դառնում է հաքերային հարձակումների զոհ, և որ Պեկինը դատապարտում է այդ գործողությունները:
Եթե Վաշինգտոնը և նրա ջերմ աջակիցները, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիան ու Կանադան ուղղակիորեն դատապարտում են Չինաստանին հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ, մյուս երկրները ցուցաբերում են ավելի զսպված մոտեցում: Օրինակ ՆԱՏՕ-ն հայտարարել է, թե դաշինքն ու նրա անդամները «ընդունում են» Պեկինի դեմ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի կողմից հնչող մեղադրանքները: Եվրոպական միությունը կոչ է անում Չինաստանին դադարեցնել «կիբերհարձակումների թունավոր» գործունեությունը:
Սակայն Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարում է, որ հաքերային հարձակումները առնչվում են Չինաստանի Պետական անվտանգության նախարարության հետ: «Մայքրոսոֆթ» ընկերությունը, որի սերվերները հարձակման էին ենթարկվել այս տարվա սկզբին, նույնպես դատապարտում է Չինաստանին:
ԱՄՆ-ի անվտանգության և հետախուզական գործակալությունները նկարագրում են Չինաստանի պետության կողմից հովանավորվող հիսուն միջոցներ:
Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ իրենց մտահոգություններն են այս առնչությամբ ներկայացրել Չինաստանի իրենց պաշտոնակիցներին:
Ըստ հաղորդագրությունների, իրականացվող հաքերային հարձակումների նպատակն օդագնացության, պաշտպանության, կրթության, կառավարության, առողջապահության, կենսադեղագործության ճյուղերից առևտրային գաղտնիքներ հափշտակելն է:
Նման հարձակումների են ենթարկվել Ավստրիան, Կամբոջան, Կանադան, Գերմանիան, Ինդոնեզիան, Մալայզիան, Նորվեգիան, Սաուդյան Արաբիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Լիսա Մոնակոյի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե «Քրեական մեղադրանքների համաձայն, Չինաստանը շարունակում է կիբերհարձակումների միջոցով հափշտակել այլ երկրների ստեղծածը` անտեսելով երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա