Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Ուգո Նեսպոլո. ֆլորիլեջիո» ցուցադրությունը
2021 թվականի հուլիսի 23-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ կազմակերպված «Ուգո Նեսպոլո. ֆլորիլեջիո» ցուցադրությունը՝ առաջին անգամ Հայաստանում ներկայացնելով յուրահատուկ «ծաղկաքաղ» իտալական արդի արվեստի վառ ներկայացուցչի հարուստ ժառանգությունից: Այս մասին հայտնում են Կենտրոնից:
Ուգո Նեսպոլոն արդի նկարիչ է՝ օժտված Վերածննդի դարաշրջանի հմտություններով. նա միշտ զբաղվել է ուշագրավ հետազոտություններով, որոնք արվեստագետին ստիպել են ուսումնասիրել լեզուների և տարածքների բազմազանությունը: Իրականում, Նեսպոլոյի ստեղծագործական ճանապարհին կա ավանդական գեղանկարչության և քանդակագործության կանոնները նուրբ ձևակերպումներում և արտահայտություններում կասկածի տակ դնելու, վերանայելու և խմբագրելու ցանկություն:
22 աշխատանքից բաղկացած այս ցուցադրությունը ներկայացնում է արվեստագետի բազմակողմանի հետաքրքրությունները թե՛ թեմաների, թե՛ տեխնիկական մոտեցումների տեսանկյունից։
«Ուգո Նեսպոլոյի աշխատանքների «Ֆլորիլեջիո» խորագրով ցուցահանդեսի բացումը 2021 թ.-ին Հայաստանում անցկացվող առաջին միջոցառումն է իտալական մշակութային ծրագրի շրջանակում, որով կարծես նշանավորվում է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ճգնաժամի ավարտն ու դեպի նորմալ կյանք դանդաղ վերադարձը»,- նշում է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն։
«Իր բազմամյա գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ձևավորել է արդյունավետ համագործակցության ավանդույթներ: Մասնավորապես, իտալացի գործընկերների հետ իրականացվել են տարբեր նախագծեր, որոնք հանրության առջև բացել են արդի և ժամանակակից արվեստի աշխարհի նոր հորիզոններ, այդ թվում՝ հայտնի իտալացի արվեստագետ Ուգո Նեսպոլոյի «Ֆլորիլեջիո» ցուցադրության միջոցով»,- մեկնաբանում է ԳԱԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Ուգո Նեսպոլո. ֆլորիլեջիո» ցուցադրությունը գործելու է 2021 թվականի հուլիսի 23-ից հոկտեմբերի 3-ը: Մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները