Ի՞նչ է նշանակում փախուստ. ամոթ է, ամոթ. Արթուր Վանեցյան
««Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստ չէ համագործակցել այս իշխանությունների հետ։ Մենք հստակ լինելու ենք ընդդիմադիր ուժ»,- Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Դիտարկմանը՝ ԵԽԽՎ-ում, Եվրոպայի խորհրդում ընդդիմություն-իշխանությունը պետք է իրար հետ համագործակցեն և աշխատեն, Ա. Վանեցյանը նշել է. «Եթե հարցը կվերաբերի Հայաստանի պետական կամ ազգային շահի առաջմղմանը, այո, պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ոչ միայն իշխանությունների, առհասարակ՝ քաղաքական բոլոր ուժերի հետ»:
Նա նշել է, որ միանշանակ «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքները գործելու են ընդդիմադիր դաշտում և լինելու են բնական դաշնակիցներ:
Խոսելով պատերազմի ընթացքում «Հայրենիք» զորախմբի գտնվելու վայրի, մասնավորապես անդրաառնալով թեմային, թե՞ փախել է «Հայրենիք» զորախումբը արցախյան պատերազմից, թե՞ ոչ, Արթուր Վանեցյանն ասել է. «Դա իմ համար, իրոք, շատ ցավոտ թեմա է: Դա իրականության հետ որևէ աղերս չունի: «Հայրենիք» զորախմբի միակ մեղավորությունն է, որ չենք զոհվել: Մենք եղել ենք ամենաթեժ կետերում, մարտնչել ենք ամենաթեժ վայրերում, արել ենք ամեն ինչ և վերջին օրը, երբ եղավ հայտնի հայտարարության ստորագրումը, ես գնացել եմ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի մոտ և ասել եմ՝ մենք ուրիշ առաջադրանք ունե՞նք, ասել է՝ ոչ, և վերադարձել ենք Հայաստան, Վարդենիսում հանձնել ենք բոլոր զենքերը, որոնք ստացել էին ՊՆ-ից և վերադարձել ենք Երևան:
Ի՞նչ է նշանակում փախուստ: Ամոթ է, ամոթ»:
Անդրադառնալով հուլիսի 20-ին նույն հաղորդման ժամանակ 1996-2008 թվականներին ընդհատումներով ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ աշխատած Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի արած հայտարարություններին, Ա. Վանեցյանը նախ նշել է, որ այդ մարդը Հայաստանի ԶՈւ-ի ամենամեծ թալանն իրականացնողի համբավ ունի. «Մարդ, ով ունի բազմաթիվ հանքեր, Անապայում հյուրանոց, ռեստորաններ, դղյակներ՝ ըստ շրջանառվող լուրերի: Թող մի հատ ստուգեն, ապօրինի հարստացման մասին շատ են սկսել խոսել:
Ձեր եթերում ասել է՝ որտեղ են սահմանը պահել:
Մենք եղել ենք Արցախի ՊԲ հրամանատարի ուղիղ ենթակայության ներքո, մեզ ուղարկել են տարբեր ամենադժվար վայրերը, որտեղից ադրբեջանցիները մտնում էին, ինչ-որ մի բան լինում էր, մեզ ուղարկում էին, այսպես ասենք, որպես հատուկ ջոկատ: Նոյեմբերի 5-ին Արայիկ Հարությունյանի խնդրանքով գնացել ենք Ասկերանի շրջանի Շոշ գյուղ, ասում էր՝ մարդ չկա, այդտեղ պետք է պահել, այդ կողմից ադրբեջանցիներն առաջ են գալիս: Գնացել և մինչև վերջին վայրկյանը մնացել ենք Շոշ գյուղում մեր դիրքերում և մինչև այսօր այդ դիրքերը, և Շոշ գյուղը գտնվում են հայկական վերահսկողության տակ:
Իսկ որտե՞ղ է եղել այդ Գագիկ Մելքոնյանը, ո՞ր դիրքերն է պահել պատերազմի ժամանակ: Իմ ունեցած տեղեկություններով՝ Քելբաջարում է եղել, հիմա որտե՞ղ է Քելբաջարը, ո՞ւմ վերահսկողության ներքո է: Մենք ենք փախե՞լ, մենք ենք հանձնե՞լ, թե՞ ինքը»:
Արթուր Վանեցյանը հայտնել է, որ զրպարտության համար հայց է ներկայացվել դատարան Գագիկ Մելքոնյանի դեմ, համոզված է՝ կարճ ժամանակ անց հենց այս հաղորդման ժամանակ նա պետք է հերքի նույն ծավալով, ինչ խոսել է:
«Այպսես կոչված փախուստի հարցը հերքվել է գլխավոր դատախազության, գլխավոր շտաբի, ՊԲ-ի, ՀՔԾ-ի, քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, տարբեր գեներալների, պատերազմի մասնակիցների կողմից, հերքի է ժողովուրդ, ուղղակի ամոթ է»,- ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը դատի է տալիս Գագիկ Մելքոնյանին
- «Պատիվ ունեմ» դաշինքը գնում է խորհրդարան
- Արթուր Վանեցյան. Հայաստանի պետականության համար մեր պայքարը շարունակական է
- «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել». դատախազությունը հերքել է Փաշինյանին
- Ո՞նց հանձնեցինք Շոշ գյուղը, որ մինչև օրս հայկական հսկողության տակ է. Վանեցյան
- «Հայրենիք» զորախումբը Շուշիից ու Շոշից վերջինն է դուրս եկել՝ գլխավոր շտաբի կարգադրանքով. զորախմբի անդամներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան