Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Այսօրվանից մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով: Մեկամսյա դասընթացներին մասնակցելու են Ավստրալիայից մինչև ԱՄՆ սփյուռքում դասավանդող շուրջ 140 մանկավարժ՝ 370 դիմորդից: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, դասընթացների մեկնարկը տրվելու է այսօր՝ ժամը 18.00-ին:
2019 թ.-ին վերապատրաստման ծրագիրը տեղի է ունեցել առկա ձևաչափով, որին մասնակցել է 60 ուսուցիչ, 2020 թ.-ին՝ առցանց ձևաչափով, դիմել է շուրջ 500 և մասնակցել 100 հոգի՝ վեց ծրագրով: 2021 թ.-ին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հայտագրման ժամկետը հուլիսի 13-ն էր: Մասնակցելու համար հայտագրվել էր շուրջ 370 ուսուցիչ՝ 22 երկրից: Նրանցից ընտրվել է շուրջ 140 ուսուցիչ: 2022 թվականին նախատեսվում է ծրագիրն իրականացնել առկա՝ սփյուռքահայ ուսուցիչների Հայաստան այցելությամբ:
Վերապատրաստումն իրականացվելու է 7 առանձին ծրագրերով՝ նախկին 6-ի փոխարեն.
• «Ուսուցում մանկապարտեզում» (120 դ/ժամ)
• «Ուսուցում մեկօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
• «Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
• «Հայոց լեզվի և գրականության դասավանդում» (120 դ/ժամ)
• «Տնօրենների վերապատրաստում» (80 դ/ժամ)
• «Հայոց պատմություն» (120 դ/ժամ)
• «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» (120 դ/ժամ)
Հայոց պատմության և Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդումը՝ որպես առանձին ծրագրեր, առանձնաբար ներառվել են առաջին անգամ: Մասնակիցների քանակը ավանդական 60-ի և նախորդ տարվա 100-ի փոխարեն այս տարի ընդգրկում է 140 մասնակից 20 երկրից: Ծրագրում նախատեսված են նաև թանգարանների վիրտուալ այցելություններ:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա պետական ծրագիր է, որն իրականացվում է 2000 թվականից: