«Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալքիներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար»
«Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այս համատեքտում ուզում է ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է ՌԴ-ն տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու գործում:
Փաշինյան խոսքով, ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորումն և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը, անկյունքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:
«Միաժամանակ շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով, ինչպես և նախկինում, ՀՀ-ն կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, պատրաստ է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ՝ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով:
Նա նշեց, որ ակնկալում են՝ Ադրբեջանը օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձած գրավոր պարտավորությունը:
«Այս տարվա մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խոզնավար հատվածում ՀՀ սահմանի խախտումն անընդունելի է: Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ:
Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունը»,- նշեց Փաշինյանը:
Նա ասաց, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունի և ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի, ընդհնարապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ ժողովրդի ստացած մանդատը: