Մի բան առաջ, երկուսը ետ` սա է խնդիրը
Նախարարն ասում է՝ Հայաստանում չոբան չկա, դրսից ենք չոբան բերում։ Որ նախարա՞րը։ Սկզբունքորեն կապ չունի՝ Փաշինյանի նախարարը, ազգանունն էլ թող լինի ասենք «քյարամյան»։
Արևմուտքից ոչխար են բերում։ Սթրեսակայուն հաստատ։ Արևելքից չոբան են բերում։ Երևի, որ հողի կոռոզիայի մասին դարդ չանի, ադրբեջանին սահմանակից արածեցնելու համար՝ չվախենա (գերի չեն տանի), եթե ոչխարները գողանան՝ պետքը չի լինի, իրենը չի։
Ի դեպ՝ ում ոչխարներն է ուզում արածեցնել նախարարը, որ չոբան չի գտնում։ Պետությա՞ն։
Հե~յ պետություն, վա'խ պետություն։
Եթե Հայրենիքը գիտենք ինչ է՝ ոսկե հասկերի մեջ շնկշնկացող հովիկը, անձրևի երգը, հողի պապակ շուրթերն ու վազող գետակները...բույրը հացի, կաթի, համը աղի-լեղի, տունդ, շեմդ, դուռդ, հյուրդ,... ծնողների աչքերն ու ձեռքերի շոյանքը... Պետությունը մնում է անհասկանալի։ Չէ, սահմանումը կա, ամանում չկա։
Չոբանն է պակասում։
Հա, ու՝ խոպանչին։ Ես չեմ ասում, նույն նախարարն է ասում։ Ասում է՝ «բերման» ենթարկենք խոպանչի բարեկամներին։
Կհարցնեք՝ ինչու։ Բացի ոչխարի ու չոբանի գործից էլ ինչ ունես առաջարկելու։
Ես, օրինակ, բան էլ չեմ հարցնի։ Ես այս կառավարությանը ընդհանրապես հարցեր չունեմ՝ մեկ։ Ու երկրորդ՝ լիքը խոպանչի է երկրում։
Երկիրը դարձել է խոպան։ Ապրում է խոպանչու փիլիսոփայությամբ, ընտրում է խոպանչու հույսով, երազում է խոպանչու մտքերով։
Ասում եք՝ ինչու սահմանի բերանին, կրակի բաժին գյուղացին քաղաքացիական ընտրությամբ նիկոլին հավանեց։
Որովհետև խոպանչու նման է ապրում՝ կտան՝ կգնա, սահմանը բացեն՝ թուրքի հետ ու համար կաշխատի, կրակելն էլ՝... կարող էր ավելի վատ լինել, չէ՞։
Այսպես էլ ապրում ենք՝ սեփական երկրում՝ խոպանչու փիլիսոփայությամբ։
Սա է խնդիրը...
«Վաբանկ» ենք գնում՝ տասի փոխարեն ութ ոտի չափով։ Երկուսը պահում՝ ապահովության համար։
Սա է խնդիրը։
«Շուբան» դարձել է «էլիտայի» դիմանկար։ Այնինչ իրական էլիտան... խուլ է մրսողին։
Սա է խնդիրը։
Եկեղեցում նախ հարցնում են՝ տե՞ր ես, հետո, դրական պատասխանից հետո միայն հարցնում են մյուսին՝ հնազա՞նդ ես։
Մենք անտեր, ասում ենք՝ հնազանդ ենք։
Սա է խնդիրը։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան