Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Երևան քաղաքի բնակիչ Գ. Նավոյանը կաշառք է տվել իր ծանոթ Ա. Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Մասնավորապես, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը 2021 թվականի հունիսի 18-ին բժշկական օգնություն ստանալու պատրվակով իր ծանոթ բուժքույր Ա. Գրիգորյանին հրավիրել է իր բնակարան, որտեղ վերջինիս առաջարկել է 40.000 ՀՀ դրամ կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Ա. Գրիգորյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և Գ. Նավոյանից ստացել վերը նշված գումարը:
Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալուց հետո` նույն օրը, Ա. Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանություն և տվել հանցագործության մասին հաղորդում` ներկայացնելով կաշառքի առարկա 40.000 ՀՀ դրամը:
Ընտրողին կաշառք տալու համար Գ. Նավոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան