Ոչ միայն հայ մշակույթը, այլև հայ ժողովուրդը մեծ կորուստ ունեցավ. արվեստագետները՝ Ջիվան Գասպարյանի մասին
«Ոչ միայն հայ մշակույթը, այլև հայ ժողովուրդը մեծ կորուստ ունեցավ, կորցեցինք լեգենդար դուդուկի վարպետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց դուդուկահար Կամո Սեյրանյանը` խոսելով ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մասին:
Նա նշեց, որ դուդուկահարները շատ բան ենք սովորել վարպետից:
«Պատիվ եմ ունեցել վերջին տարիներին ընկերություն անել վարպետի հետ, շատ հետաքրքիր հումոր ուներ. ասում էր՝ ճանապարհը սարքել եմ, լույսերն էլ վառել եմ, քշե՛ք: Այսինք մեր՝ դուդուկահարներիս համար վարպետը, իրոք, մեծ ճանապարհ կառուցեց, դուդուկը համաշխարհային մակարդակի ճանաչման բերեց»,-ասաց Կ. Սեյրանյանը:
Դերասան Միքայել Պողոսյանը նշեց, որ մի իմաստուն հայ գնաց, նա միակ Երևանում պարող հայն էր, որ դարձավ համաշխարհային դեմք:
«Ցավոք այստեղ ապրող մշակները ինչ-ինչ պատճառներով չեն դառնում այն, ինչ դարձավ մեր վարպետը: Նրա ձայնը դուդուկի ձայնն էր, նրա երգեցողությունը դուդուկի նման էր հնչում, և դա գալիս էր սրտից: Նրա բարությունը, իմաստությունը, աֆորիզմները...։ Ես այդ աֆորիզմները օգտագործում եմ կյանքում: Երբ ասում էինք՝ վարպետ ջան, ցավդ տանեմ, ասում էր՝ անցավ մնաս: Ասում էր՝ երբ ընկերոջդ պաշտոն են տալիս, պետք է նորից հետը ծանոթանաս:
Մի անգամ զանգեց, ասեց՝ Միշա ջան, քեզ Ամերիկայից նվեր եմ բերել: Գնացի, տեսնեմ կոշիկներ են, ասաց՝ «стильный» կոշիկներ են, մտածեցի՝ մենակ քեզ կսազեն: Մինչև այժմ այդ կոշիկները որպես մեծ հիշատակ պահում պահպանում եմ: Շատ ցավոտ է վարպետի հեռանալը, բայց նա գնաց դեպի հավերժություն»,- պատմեց դերասանը:
Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը շնորհակալութուն հայտնեց վարպետին ամեն ինչի համար. «Կյանքի ամենադժվար ու անցանկալի պահերին էլ նա միևնույն է կարողանում էր իր հումորով, խոսքով ելքեր գտնել, հարթեր ստեղծված խնդիրները։ Բեմի վրա յուրահատուկ էներգետիկա ուներ։ Երբ փորձերից հետո միասին նստում հաց էինք ուտում, ասում էր՝ մինչեւ մահը հասնի ինձ, էլ մահ չի լինի»։
Նա մի պատմություն հիշեց. «Թուրքիայում համերգից հետո ժուռնալիստները Գասպարյանին հարցնում են՝ անընդհատ ասում եք, որ դուդուկը հայկական է, հայերը ամենալավն են նվագում, մենք էլ ենք լավ նվագում, պատասխանել է՝ մենք էլ ենք բալալայկա նվագում, բայց դա հայկական չէ, այսինքն՝ ուզում էր ասել, որ թուրքերն էլ կարող են դուդուկ նվագել, բայց դա չի կարող լինել թուրքական»։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյան համերգասրահում վերջին հրաժեշտն են տալիս հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանին: Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: Նա մահացել է հուլիսի 6-ին ԱՄՆ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը՝ այսօր
- Ջիվան Գասպարյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 24-ին
- Մշտամրմունջ աղոթք և օրհնություն Ջիվան Գասպարյանի բարի հիշատակին
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ
- Ռոբերտ Քոչարյան. Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում Ջիվան Գասպարյանի վաստակի և հիշատակի առջև
- Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը