Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀգիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն»հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ըստ հուշագրի՝ կողմերը, կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, շահագրգռված լինելով օժանդակելու պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ, օգտագործմամբ և ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, անհրաժեշտ են համարել միավորել հնարավորությունները և համատեղ իրականացնել Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հնագիտական ուսումնասիրության աշխատանքները։
Որպես ստորագրող կողմ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հատկապես կարևորել է հուշարձանի՝ Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պահպանությանն ուղղված քայլերը. «Միայն պետական ռեսուրսներով հնարավոր չէ լիարժեք պեղումներ իրականացնել։ Ավելի բարդ է պեղումներից հետո ապահովել բացահայտված հուշարձանների շերտերի պահպանման, կոնսերվացման, միջազգայնացման կարևորագույն աշխատանքը։ Եվ այս առումով չափազանց կարևոր է մասնավոր ներդրման անհրաժեշտությունը»։
Հուշագրով պայմանավորված՝ նախատեսվում են իրականացնել պեղումներ, դրանց արդյունքում բացված կառույցների ամրակայում և վերականգնում, կազմակերպել գտածոների մաքրում, ամրակայում, վերականգնում, լաբորատոր հետազոտություններ և վավերագրում։