24.07.2021. «Հենակետ». 6 ժամ բանակցություններից հետո որոշվել է տրակտորով ժամանակավոր սահման գծել
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում անվտանգության վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին.
«Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին
Շաբաթվա սկզբնամասում, հայաստանյան մեդիատիրույթում և սոցիալական ցանցերում գլխավոր քննարկման թեման Երասխի հատվածում հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ hրապարակումներն են։
ՊՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Փոխհրաձգությունը հատվածական շարունակվել է հաջորդ օրերի ընթացքում։
Առաջին օրը ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
Նույն ժամանակահատվածում կրակոցներ են հնչել նաև Գեղարքունիքում։ Կրակոցները հնչել են Կութ գյուղի դիրքերում: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը հաստատել է այդ տեղեկությունները։
Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը թվիթերյան իր հաշվում գրել է, որ Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։
Կլաարը երկու կողմերին կոչ է արել ուժերը հետ քաշել և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսել։
ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:
ԱՄՆ-ն կողմերին կոչ է արել արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի առիթով, և նշել, որ սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով:
Ըստ նրա՝ Մոսկվան համոզված է, որ «կայուն դեէսկալացիան կարող է ապահովվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հետագա աշխատանքների անհապաղ մեկնարկի ու դրան հաջորդող սահմանագծման միջոցով»:
ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս իր անհանգստությունն է հայտնել Երասխի միջադեպերի հետ կապված միջադեպերի առնչությամբ և կողմերին հորդորել է հնարավորինս շուտ վերադառնալ ՄԽ-ի գլխավորած բանակցություններին։
ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդարադառնալով Երասխում ստեղծված իրադրությանը, հայտնել է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության թեմայով պատրաստ կլինեն քննել հայկական իշխանությունների կողմից իրենց ուղղված բոլոր հայտերը։
Նույն ժամանակամիջոցում Սյունիքի հատվածում, հուլիսի 19-ին Տեղ գյուղի կոմբայնավարը ցորենի բերքը հավաքելիս մոտ 10 մետր սահմանն անցել է ու ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում պահանջել է երիտասարդին անցնել իրենց կողմ՝ արձանագրություն կազմելու։ Հարցը լուծելու համար մոտ 6 ժամ բանակցություններ են ընթացել։ Որոշվել է տրակտորով ժամանակավոր սահման գծել, խնդիրներից խուսափելու համար։
Հայկական լրատվական կայքերից մեկով էլ հուլիսի 19-ին տեղեկություն տարածվեց այն մասին, թե Կապան-Գորիս ճանապարհի Որոտան-Շուռնուխ հատվածում ադրբեջանցի զինվորականները քարեր են շպրտել երթևեկող մեքենաների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է ՊԵԿ Սյունիքի մարզի պետի տեղակալի մեքենան: Այս մասին պաշտոնական որևէ տեղեկություն չի հաղորդվել։
Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական կողմը ունի մեկ զոհ։
ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:
Պաշտպանական գերատեսչությունից նաև հայտնում են, որ հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:
Սոցիալական ցանցերում նշվում է նաև, որ փոխհրաձգություն է ընթացել հայ-ադրբեջանական սահմանի` Ջերմուկի ու Գորիսի հատվածներում: Սակայն ՊՆ-ն այս մասով որևէ հայտարարություն չի տարածել։
Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին
Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է trend.az կայքը:
Դատարանը մեղադրյալներից յուրաքանչյուրին 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատիժը կրելուց հետո նրանք անմիջապես արտահանձնվելու են:
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել, որում ասվում է, թե անհայտ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամների` հիմնադրամի շահառու ճանաչվելուց հետո դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը, իսկ վճարված գումարները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից։
ՊՆ անցուդարձի մասին
Հունիսի 20-ին հրաժարական է ներկայացրել ՊՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Արշակ Կարապետյանը նշանակել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են գործնական, մասնագիտական, մարտավարական, կարակային պատրաստության պարապմունքներ, տեղի են ունեցել շտաբային հավաքներ, հրամանատարական ստուգայցեր և այլն»։
Հարակից հրապարակումներ`
- 19.07.2021. «Հենակետ». Ադրբեջանի հոգևոր դասի ներկայացուցիչներն այցելել են Շուշիի հայկական եկեղեցիներ
- 17.07.2021. «Հենակետ». Սահմանային գյուղերի բնակիչները պարբերաբար ահազանգել են՝ ադրբեջանցի զինվորականները լուրջ սպառնալիք են
- 12.07.2021. «Հենակետ». Ադրբեջանը ռեստավրացիայի անվան տակ Շուշիում հուշարձաններից վերացվում է հայկական հետքը
- 11.07.2021. «Հենակետ». Ո՞ր սխրանքի համար է Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել նման բարձր պարգևով
- 10.07.2021. «Հենակետ». Անվտանգության հարցեր
- 05.07.2021. «Հենակետ». Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում հայկական գերեզմանատունն ավերվել է
- 05.07.2021. «Հենակետ». Եթե ժամանակին տեղեկատվական ռիսկերը նվազագույնին չհասցվեն, դրանց հետևանքները լինելու են ավելի ծանր
- 28.06.2021. «Հենակետ». Ալիևը հաստատել է Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը
- 14.06.2021. «Հենակետ». Ադրբեջանը 1մլրդ 75մլն մանաթ գումար է տրամադրելու Արցախից գրավված տարածքների վերականգնման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան