Մաճկալաշենի գերեվարված բնակիչն ադրբեջանցիների կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:
«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:
Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:
Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:
Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,- գրել է Գեղամ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչը, ով զբաղվում էր անասնապահությամբ, կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։