Լիա Իվանյան. Արժեզրկման վարպետները
Բայց ինչպիսի՜ սատանայական ունակություններ է պետք ունենալ ամեն ինչը արժեզրկելու համար։ Այս իշխանություններին հաջողվեց անգամ պատերազմ երևույթը մի տեսակ սովորական դարձնել։ Սահմաններն անպաշտպան են, զինվորները չկրակելու հրաման են ստացել, թշնամին էլ կրակում է Արմաշում, Երասխում ու Գեղարքունիքում, Սոթքի աշխատողներին են տարհանում․․․ բա՞ չիմանանք՝ հիմա մենք պատերազմող երկիր ենք, թե ոչ։ Այսինքն, սա մեր սովորական վիճա՞կն է դառնալու։ Լոկալ մարտեր, տեղային կրակոցներ, նոր զոհեր ու գերիներ, բայց դե ոչինչ, մի՛ անհանգստացեք, դեռ Երևանին չեն հասել։
Թացն ու չորը խառնվել է իրար, ամեն ինչ ծածկվել է անտարբերության, չհասկացության, խաբեության, հուսալքության տիղմով, ինչպես որ Եվրոպայից Ասիա ջրհեղեղներից հետո փողոցներում մնացած տիղմը։ Նրանք իրենց տիղմը կմաքրեն, մենք ո՞նց ենք հաղթահարելու այս համատարած դեպրեսիան։ Ե՞րբ ենք կարողանալու լիարժեք գիտակցել, թե ինչ աղետալի հետևանքների առջև է կանգնել երկիրը պետականքանդների իշխանության արդյունքում։
Սպասում ենք չգիտեմ ինչի կամ ում օգնությանը։ Մտածում ենք, որ հասարակության խաբված հատվածը վերջապես ուշքի կգա։ Հույս ունենք, որ քաղաքական և զինվորական վերնախավերը թույլ չեն տա պետության վերջնական կորուստը։ Ավա՜ղ, մինչ մենք սին սպասումների մեջ նյարդեր ու կյանք ենք մաշում, նեռն անում է իր գործը՝ հետևողականորեն իրականցնելով թշնամու հետ իր ներքին պայմանավորվածությունները։
Իրականում, ոչ ոք մեզ չի օգնելու։ Կհաղթենք միայն հավաքական միասնականությամբ, որը ցավոք, գնալով ավելի փխրուն ու անկայուն է դառնում։
Մհերն Ագռավաքարից դուրս չի՛ գալու, Թեյլերյան մոտ ապագայում չի՛ ուրվագծվում, մեծ տերություններն իրենց շահերից դուրս մեզ ձեռք չեն մեկնի։ Մենք մենակ ենք ներքին և արտաքին թշնամու դեմ։
Նիկոլ ընտրածները լալահառաչ բացատրություններով լքում են Հայաստանը․․․ Ախր, ո՞ւմ եք թողնում ձեր ընտրած կեղտի մաքրման գործը։ Գնացող էիք՝ գնայիք մինչև ընտրելը։ Թե՞ սպասում էիք , որ երկրորդ անգամ էլ հիմարացվեիք՝ ձեր տհասության աստիճանը գիտակցելու համար։ Եվ բավական է դատարկ բարոյախոսել, թե չի կարելի տգետներին ասել իրենց իրական մակարդակի մասին․․․ հազարներով նրանք նպաստեցին պետության կազմաքանդմանը, ուրեմն թող գոնե իրենց մեղքը գիտակցեն։
Քաղաքական և զինվորական վերնախավեր չկան, գլխատված են հիմնավորապես։ Դիլետանտ, շահամոլ, խամաճիկ, ավելին՝ գործակալ ու սորոսական բարձրաստիճան պաշտոնյաններին մի պաշտոնից մյուսը նշանակելով՝ միայն ու միայն երկարաձգվում է այս խայտառակ վարչախմբի գոյությունը։
Օգոստոսի 2-ին մենարկող նոր ընդդիմությամբ ԱԺ-ն, անկասկած նոր շարժ կբերի երկրի քաղաքական դաշտում, բայց խիստ կասկածելի է, որ միայն սոլիդ քաղաքական պայքարով հնարավոր կլինի առնվազն օրինականության սահմաններում պահել արդեն լիակատար ամենաթողությամբ վարակված այս վարչախմբին։ Առանց ժողովրդի լուրջ աջակցության ընդդիմությունը միայնակ անկարող կլինի դիմակայել պետության մասնատման վտանգին, որն օր օրի ավելի ակնառու է դառնում։
Լիովին համաձայն եմ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի այն մտքի հետ, որ պետք է «․․․ձևավորել պետականության փրկության նոր շարժում՝ նոր ձևաչափով, նոր ասելիքով, հանրային իրական դեմքերի ներգրավմամբ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։ Եթե նույնիսկ հասարակության 10 տոկոսը այս պահին գիտակցում է, որ պետությունը կորցնում ենք, ուրեմն սա պետք է անել»։
Ընտրություններում ընդդիմության ստացած 400 000-ից ավել ձայները վկայում են, որ 10 տոկոսից շատ ավելի մարդ է հասկանում վիճակի օրհասականությունը։ Մնում է կարողանանք ինքնակազմակերպվել՝ առանց սրան-նրան անուն կպցնելու և առանց ձվի մեջ մազ փնտրելու։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Ասֆալտոմանիա
- Լիա Իվանյան. Մեր մեծ, հայկական փոսը
- Լիա Իվանյան. Պարտադրված զրույց զոմբիի հետ
- Լիա Իվանյան. Խաբեության շքահանդես
- Լիա Իվանյան. Ճամփաբաժնին
- Լիա Իվանյան. Մուրճային քարոզ
- Լիա Իվանյան. Կարևոր է յուրաքանչյուրի ձայնը
- Քարոզարշավի մեկնարկը. Լիա Իվանյան
- Լիա Իվանյան. Իսպանական ամոթ հայկական հողում
- Լիա Իվանյան. Պետականաքանդներին պատժելը հանրային պահանջ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին