Ակնկալվում է, որ պեղումներից հետո Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը
Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից վերսկսվել են հնագիտական պեղումները: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները ցույց էին տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, դրա հյուսիսարևելյան լանջին տեղակայված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Հուշարձանի պահպանմանը միտված այս ծրագրով նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:
Ծրագրի նպատակն է որոշ չափով ընդլայնել նախկինում պեղված տեղամասերը` պարզելու համար ամրոցի հյուսիսային և արևելյան լանջերի հնարավոր կառուցապատման առկայությունը, մշակութային շերտերը և եկեղեցուն հարող հնագիտական միջավայրը:
Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը:
Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ: