Շատ հնարավոր է՝ առաջիկայում ունենանք նոր դիզայնով, նոր ձևավորված պարեկային ծառայության մեքենաներ. Ա. Հովսեփյան
Պարեկային նոր ծառայության ավտոմեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի: Ասուլիսում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյանը:
«Ծառայության մեկնարկից ի վեր, երկրորդ ամենամեծ քննադատությունը, թերևս, եղել է ավտոմեքենաների դիզայնի հետ կապված հարցը: Թե դիզայնի, թե լոգոյի հետ կապված ոստիկանության կողմից հայտարարվել էր բաց մրցույթ, ստացվել էին որոշակի առաջարկներ: Պետական գնումների գործընթացով պայմանավորված՝ տվյալ առաջարկները համապատասխանում գնահատումներ անցնելով և որոշակի չափորոշիչների համապատասխանելով՝ ընտրվել է այն տարբերակը, որ կա այսօր»,- նշեց նա:
Ամալյա Հովսեփյանի խոսքով, քննադատություն ստացել են ոչ միայն հասարայությունից, նաև որոշակի պետական մարմինների կողմից:
«Այո, լսելով և հաշվի առնելով թե քաղաքացիներից, թե Լեզվի կոմիտեից եկած քննադատությունը, այսօր արդեն վերանայում ենք մեքենաների դիզայնը: Շատ հնարավոր է, որ առաջիկայում ունենանք նոր դիզայնով, նոր ձևավորված պարեկային ծառայության մեքենաներ»,-ասաց Ամալյա Հովսեփյանը:
Հուլիսի 9-ին Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։