Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի պաշտպանների նեկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանների ներկայացրած՝ դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Մ. Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Ինքնաբացարկի մասին մեր միջնորդությունը մերժվեց: Բնականաբար, նույն դատավորը կշարունակի քննել, մենք էլ դուրս եկանք, իմաստ չկար շարունակել այդ անձի հետ»,- ասաց պաշտպանը:
Հարցին՝ ո՞րն է լինելու պաշտպանների հաջորդ քայլը, Ե. Վարոսյանն ասաց. «Կստանանք դատավորի կողմից մեր բողոքի քննարկման վերաբերյալ կայացվելիք որոշումը, կշարունակենք բողոքարկել օրենքով սահմանված կարգով վճռաբեկ դատարան: Եթե նույն իրավիճակը շարունակվի՝ Եվրոպական դատարան»:
Հիշեցնենք, այսօր Վերաքննիչ դատարանում քննվելու էր Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը: Նիստոի սկզբում պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատարանին մի շարք պատճառաբանություններով և գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է այս բողոքը մակագրվել դատավոր Արմեն Դանիելյանին:
Հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դատավոր Գագիկ Պողոսյան, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով: Քաջարանի քաղաքապետը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։
Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի ({արդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:
Մ.Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Հարակից հրապարակումներ`
- Անհասկանալի է՝ ինչպես մակագրվեց վատագույն դատավորին և ոչ թե լավագույն դատավորին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ
- Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքի քննությունն այսօր է
- Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է «հարմար» դատավորի
- «Առանց նրա Քաջարանը գլխատված է»․ ստորագրահավաք՝ ի աջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի
- Հայրս ողջ պատերազմի ընթացքում առաջնագծում էր, սակայն դրա դիմաց ստացավ հատուկ և հակաօրինական կալանք. Լուիզա Փարամազյան
- Լուսինե Սահակյան. Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում