Ցանկացած իշխանության ցանկացած ընդդիմություն նրա հետ գործարքի մեջ է
Ինչու «երրորդ ուժի» պահանջը միշտ կա։ Ինչ է տեղի ունենում ի վերջո իշխանության ու ընդդիմության միջև, որ ընդհանուր թափի տակ վազողները կանգ են առնում, մտածում ու ափսոսում՝ երրորդ ուժ է պետք ուրեմն։
Ինչումն է ուրեմնը
Հասկանում եմ՝ վերնագիրս հիմա կկարդան արմատական ընդդիմականները, կբորբոքվեն, կնեղանան... Ոչինչ, այսօր ինձնից նեղացեք, որ վաղվա մասին ավելի սթափ մտածեք։
Ինչ տեղի ունեցավ ընտրություններին։ Ներքին ու խորքերում կատարված առուծախի ու արդեն խոսեցված-գրված ընտրակաշառք-սպառնալիք-ընտրական օրենք... դրանց մասին չեմ։ Իշխանությունները, որ ամեն կերպ պայքարում էին հանրային դեմքերի դեմ, դադարեցրեցին նրանց դեմ պայքարը, ովքեր մտան պառլամենտ ու շարունակում են պայքարել նրանց դեմ, ովքեր դրսում են։
Ինչումն է ֆենոմենը
ԱԺ մտած ընդդիմադիրը, ցավով եմ ասում՝ այլևս անզոր է ազատ գործելու։ Եվ իր մաշկի վրա դեռ պիտի զգա, թե ինչ է նշանակում փաստարկված, գրագետ, հասարակության ու սոցիալական կարիքներից բխած նախագծեր ու օրենքներ ներկայացնել ու դեմ գալ կոճակ սողմողների պատին։
Ինչքան ուզում ես եղիր փաստարկված, ինչքան ուզում ես եղիր սպասված՝ ԱԺ նիկոլները կանեն այն, ինչ անում էին ու անելու են։
Ոչ մի տրամաբանությամբ, ոչ մի կարեկցանքի խոսքով չեք կարողանալու համոզել հանուն Հայրենիքի 5000 հազար զոհ տված, հազարավոր վիրավորներ Պատերազմից բերած, հաշմանդամ դարձած ընտանիքներին ու Հայրենիքի արևելքը կորցրած, կերած ու ընտրություններով մարսած քայլականներին՝ սոցիալական արդարության պահանջի ամենապարզ իմաստը։
Ու ցավում եմ, եթե դեռ դա չեք հասկացել։ Եթե մտածում եք, որ բոցավառ ու ծայրահեղ բառերով գոնե թափ կտաք իշխանություններին...չկա նման բան։ Չի էլ եղել։
Իհարկե չեմ համեմատում այժմյան խորհրդարանական ընդդիմությունը աժական ԲՀԿ-ի, որ աշխատում էր ամենավերջում լինել զգուշավոր, ու ոչ էլ «Լուսավորի» հետ, որ և աջ էր անում՝ երբ պետք էր ծայրահեղորեն փրկել Փաշինյանին, և՝ ձախ, երբ պետք էր լինում ապահովել ընդդիմադիրի դեմքը։
Չեմ համեմատում, բայց ուզում եմ ասել՝ դուք ընդունեցիք Փաշինյանի նշանականած պայմաններով ընտրությունների գնալը (ի վերջո՝ մեկ է ինչ պատճառներով կամ թեկուզ պատճառաբանությամբ), դուք մտաք ԱԺ (ի վերջո ու գլխավորապես մեկ է, որ՝ պայքարը ինչ-որ կերպ շարունակելու նպատակով)։
Իսկ սա արդեն նշանակում է, որ դուք գործարքի մեջ եք իշխանությունների հետ։
Որ շատ վատ չզգաք, ասեմ՝ ցանկացած խորհրդարանական ընդդիմություն միշտ, այսքանով գոնե, գործարքի մեջ է իշխանության հետ, երբ գործում է իշխանության թելադրած պայմաններով։
Ու, թերևս ցույց տալու համար իմ սկզբունքային ու ընկերային մոտեցումը ընդդիմությանը, խորհուրդ տամ՝ հանեք, դրեք մանդատները ցած, բոլոր պրոֆեսիոնալներդ, բոլոր գործունյաներդ, բոլոր գնահատվածներդ։
Դուք հիմա աշխատում եք հակառակը անել՝ մտնել ԱԺ՝ պայքարելու։ Չկա ու չի լինի շոշափելի արդյունք։ Թողեք ԱԺ-ում տարոններին (օրինակը ակնհայտության համար է միայն), դուք դուրս եկեք, որ պայքարենք առանց կապերի ու պայմանականությունների։
Հասկանում եմ՝ ցանկացած պայքարող, ինչքան էլ սիրով ու անկեղծ լինի նրա պայքարը, պիտի սնվի։ ՈՒ և պայքարել, և գտնել տարրական պահանջները բավարարող ֆինանսներ՝ դժվար է... Ի դեպ՝ միայն ես չէ, որ դա հասկանում եմ։ Կարծում եք՝ ինչո՞ւ ԱԺ մտավ ծախսերի մեծացման հարցը։
Երկու բանի համար. կլինեն ռոմանտիկ ազնիվ ընդդիմադիրներ, որ ենթագիտակցության մակարդակով կդժվարանան, երբ պահը գա «թքել ու ասել», կամ «թքել ու դուրս գալ», որովհետև չեն թքում հացի վրա (լավ իմաստով, մի նեղացեք)։ Եվ` «սուգուբը» քայլականների հաշվարկով՝ ավել փողը ոչ մեկին վնաս չէ։
Հա, Սահմանադրականում խոսվեց այն մասին, որ թերևս այս ԱԺ-ն չկարողանա սահմանադրական կարևոր հարցեր անցկացնել, բայց դրա համար մասնագետներ պետք չեն. ԱԺ-ում՝ կոճակ սեղմողի դեմ կոճակ սեղմող էլ կարող եք նստեցնել։ Իրական պայքարը պիտի լինի հասարակության հետ ու մեջ։ Միակ երրորդ ուժը, որ կարող է ձևավորվել՝ դա առողջ հասարակությունն է։ Իսկ՝ նույնիսկ առողջ լեզվակռիվը ԱԺ-ում ի զորու չէ առողջացնել հասարակությունը։
Մանավանդ որ, ի սկզբանե գիտենք վերջը՝ կողմ-դեմ, քանակ, մեծամասնություն։
Իսկ նման ԱԺ-ն խաղաղ ժամանակների աժ է, ոչ հիմիկվա, երբ Հայաստանը ոչ թե պետություն է ընկալվում գերտերությունների ու այդպիսին դառնալ հավակնողների համար, այլ՝ չամիչով բուլկի։
Այսքանը։
Դեռ որ։
Էլի՝ գիրը կմնա յիշատակող, ինչ արած... էլի ժամանակը ցույց կտա։ Եթե կա։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան