Լոռիում արձանագրված ընտանեկան բռնություններն ավելացել են
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները:
Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, ըստ այդմ՝ 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նման 1 դեպք էր արձանագրվել:
Ըստ աղբյուրի, նման տարբերությունը պայմանավորված է մարզի տարածքում ընտանեկան բռնությունների դեպքերից տուժած քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին դիմելու հարցում ցուցաբերվող ակտիվությամբ, ինչպես նաև նման դեպքերին քրեաիրավական գնահատականներ տալու հարցում մարզի դատախազության կողմից ցուցաբերվող ընդգծված հետևողականությամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018թ. հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:
Հիմնվելով այս իրավակարգավորման վրա՝ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2021թ.-ի ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է 10 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 118-րդ հոդվածների, մեկ դեպքում՝ ՀՀ քրեական օ-րենսգրքի 118-րդ հոդվածի և 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ընդհանուր առմամբ, նշված 10 քրեական գործերով ընտանեկան բռնությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 10 անձանց նկատմամբ: Իսկ 2 քրեական գործ՝ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար, որոնցով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Դատախազությունից նշում են՝ հաշվի առնելով, որ բռնությունների գործադրման դեպքերն ընտանիքներում կրկնվել են, իսկ ոստիկանությունը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ունի ընտանիքում բռնության կանխարգելմանը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու կոնկրետ հանձնառություններ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանին: Մարզի դատախազն ընդգծել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ընտանեկան բռնությունների նախականխման, կանխման, խափանման և արձանագրման, ընտանիքի անդամների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց վարքագծի նկատմամբ հսկողության, օրենքով նախատեսված ներգործության միջոցների կիրառման աշխատանքներն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան