«Ամեն օր չէ, որ կարթնանաս ու կիմանաս...Վրեժի Ժամանակն է». Յուրի Օհանյան
Հոկտեմբերի 14-ին թշնամու Բայրաքթարի հարվածից Վարանդայում զոհվեցին Յուրին, եղբայրը՝ Ալբերտ Հովսեփյանը, և ընկերը՝ Աղասի Բեջանյանը...
Յուրին կամավորագրվել էր և անհամբերությամբ սպասում էր առաջնագիծ մեկնելուն՝ հոկտեմբերի 5-ին համբերություն մաղթելով բոլորին։ Նրա հետ կամավորագրվել ու Արցախ մեկնեցին հորաքրոջ որդին՝ Ալբերտը, ընկերը՝ Աղասին։
Մեկնելուց առաջ Յուրին ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառում կատարեց. «Ընկերներ, հարազատներ, ծանոթներ... Ով ըստեղ է մնում, համբերություն... Մենք ուժեղ ենք միասին ու մեր պարտքն է միանալ Սուրբ գործին... Հայրենիքը Ես եմ, Դու ես, ու բոլորս ենք» և՝ «Ամեն օր չէ, որ կարթնանաս ու կիմանաս...Վրեժի ժամանակն է»։ Այս իր խոսքի տակ էլ հանգչում է հիմա նա։
Յուրին ավարտել է Երևանի Հենակետային բժշկական քոլեջը, ապա ընդունվել Հայբուսակ համալսարան։ 2015-ին սովորելու ընթացքում զորակոչվել է բանակ և ծառայել «Եղնիկներ» կոչվող լեգենդար զորամասում։ Մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին, եղել ամենաթեժ կետերում։Ծառայությունից հետո վերադառնում է և անմիջապես անցնում աշխատանքի։ Յուրին ժամկետային ծառայության ընթացքում պարգևատրվել է «Լավագույն Մարզիկ», «Լավագույն Մարտիկ», «Բանակի Գերազանցիկ», «Տիգրան Մեծ» և «Քաջարի մարտիկ» շքանշաններով։
Ի նշան քաջության և խիզախության հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Այս Պատերազմում առանց երազանքների մնացած 24-ամյա Յուրի Օհանյանը երազում էր իրենց բակում տաղավար կառուցել։ Հասարակ ու ջերմ մի երազանք... Յուրին իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր ընկերների հետ, ու տաղավարն էլ ընկերների հետ հավաքատեղի էր մտածում դարձնել, որտեղ կնստեին, կխոսեին, հարցեր կքննարկեին։
Յուրին ու Արցախի հերոս, 2016-ի ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանը (Մոնումենտցի Կյաժ) մանկության ընկերներ են։ Նույն բակում են մեծացել, ապա նաև նույն լսարանում նստել։ Տաղավարում էլ նրանք կողք կողքի էին նստելու...
Ընկերներին այդպես էլ ընդունեց Մայր հողը՝ հանուն Հայրենիքի անմահացածներ։
Յուրիի ընտանիքի անդամներն ու ընկերները ի կատար են ածել նրա ցանկությունը։ Տաղավարը պատրաստ է, այստեղից ի նշան խաղաղության օրեր առաջ աղավնիներ բաց թողեցին դեպի երկինք։
Յուրիի մայրն էլ՝ Ռոմելլա Աբովյանն էլ համբերությամբ զինված թիկունքում էր իր պատերազմը մղում՝ փրկելով կյանքեր։ Փրկեց ուրիշների կյանքեր, իսկ որդին գնաց միանալու նրանց, ում մասին ասում են՝ Փառք անմահներին...
Ռոմելլան պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով՝ ի նշան իր բուժ ոլորտում ներդրած մեծ ավանդի, ու նվիրաբերել է այն իր հերոս որդու հիշատակին։
Լուսանկարները՝ Սեդա Ջավախյանի։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան