Ի՞նչ նպատակներ է հետապնդում կրկին ակտիվացած ադրբեջանաթուրքական համակարգված հակահայկական պաշտոնական «վայնասունը»․ արաբագետ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․ «Ի՞նչ նպատակներ է հետապնդում վերջին օրերին կրկին ակտիվացած ադրբեջանաթուրքական համակարգված հակահայկական պաշտոնական «վայնասունը»
Թուրքիան և Ադրբեջանն առնվազն լրջորեն մտահոգված են 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում՝ մասնավորապես Հայաստանում Արևմուտքի առայժմ քաղաքական և տնտեսական ուղղություններում ակտիվացմանը միտված քայլերից։
Դա է պատճառը, որ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ռազմական լարվածություն սադրելուն զուգահեռ՝ հետևողականորեն «պասերով» քարոզչական և պաշտոնական հռետորաբանության տարբեր մակարդակներում քննադատում, մեղադրում են Հայաստանին «ագրեսիվ, ապակառուցողական գործողությունների, իրավիճակը հավելյալ կերպով սրելու, նոր լարվածություն հրահրելու, տարածաշրջանի անվտանգությունն սպառնալու» և նմանատիպ այլ քայլերում՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ իրական վտանգի դեպքում «Հայաստանին խրախուսողները նրա կողքին չեն կանգնելու»։
Իրականում ստեղծված իրավիճակը և դրա հետ կապված ադրբեջանաթուրքական միասնական և բավականաչափ նպատակային մարտավարությունը Հայաստանի համար երկսայր սուրի է նման։
Ինչ խոսք, որևէ կասկած չկա, որ տարածաշրջանում Արևմուտքի ակտիվացումն օբյեկտիվ է՝ պայմանավորված նաև նոր իրավիճակում աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանի դիրքերի հնարավորինս թուլացմանը։ Նման պայմաններում զգալիորեն բարդանում է նաև թուրք-ադրբեջանական տանդեմի գործը՝ Ռուսաստանի հետ առանձին սակարկությունների արդյունքում նաև Հայաստանին հնարավոր պարտադրվելիք տարաբնույթ զիջումների հաշվին տարածաշրջանում քայլառքայլ սեփական դիրքերը բարելավելու հարցում։
Հետևաբար, նման պայմաններում որոշակիորեն ընդլայնվում են Հայաստանի արտաքին մանևրի սահմանները, որը թույլ է տալիս հնարավորինս դիմագրավել դաշնակցի առարկայական աջակցության բացակայության պայմաններում թշնամական օրակարգի պարտադրումից, արձանագրել տնտեսական, ռազմավարական նշանակության ձեռքբերումներ և այլն։ Բայց զուգահեռաբար այն նաև հղի է նույն դաշնակցի հետ հարաբերություններում արհեստական խնդիրներ ստեղծելու հավանականությամբ։ Հատկապես, երբ Բաքուն և Անկարան համակողմանի նպատակային քաղաքականություն են վարում Երևան-Մոսկվա հարաբերությունները փչացնելու, մտացածին խնդիրներն ուռճացնելու ուղղությամբ։ Այս ուղեգիծն զգալիորեն հաջողվել է, քանի որ դրան են նպաստում նաև Ռուսատանում որոշ թյուրքամետ շրջանակներ, ինչպես նաև մի շարք հայաստանյան սուբյեկտներ՝ մեծամասամբ առանց խորը վերլուծելու նման զարգացումների հետևանքները։
Հետևաբար, ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանի համար սկսվում է նոր հնարավորություններով և մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջան, երբ գրագետ, շրջահայաց, հեռատես, հաշվարկված քաղաքականության դեպքում կարող են լինել բավականաչափ կարևոր ձեռքբերումներ, իսկ հակառակի դեպքում՝ անգամ անդառնալի կորուստներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան