«Մեկ հայրենիք՝ մեկ մշակույթ». Երևանում ելույթ կունենա եզդի սոպրանո Դիանա Ամիրյանը և քուրդ սոպրանո Յուլիա Կարատաշը
Առաջին անգամ Երևանում օգոստոսի 2-ին կանցկացնի դասական վոկալ երաժշտության համերգ՝ «Մեկ հայրենիք՝ մեկ մշակույթ» խորագրով: Համերգին ելույթ կունենան ազգությամբ եզդի մեներգչուհի սոպրանո Դիանա Ամիրյանը (Գերմանիա) և ազգությամբ քուրդ մեներգչուհի սոպրանո Յուլիա Կարատաշը (Գերմանիա), նվագակցող Գայանե Թորոսյան: Ծրագրում կհնչեն արիաներ և ռոմանսներ՝ հայ (Է․Միրզոյան, Ալ․ Սպենդիարյան) և եվրոպական կոմպոզիտորների (Շուբերտ, Կաչինի, Ջովանի, Հենդել, Գլյուկ) ստեղծագործություններից:
Միջազգային ստեղծագործական միավորում «Արվեստ» ՀԿ-ից հայտնում են, որ համերգի առաջին հատվածում, ի նշանավորումն անվանի հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա և Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյա հոբելյանների, կհնչեն նրանց ստեղծագործություններից։
Համերգի երկրորդ հատվածում կհնչեն Կոմիտաս Վարդապետի հայերեն և օտար լեզուներով գրառած երգեր:
Համերգը կազմակերպում է Միջազգային ստեղծագործական միավորում «Արվեստ» ՀԿ-ն (նախագահ Էրվին Ամիրյան) ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
ԴԻԱՆԱ ԱՄԻՐՅԱՆԸ գերզանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական մեներգեցողության բաժինը: Հետագայում ուսումը շարունակել է նույն բուհի ասպիրանտուրայում` պրոֆեսոր Տաթևիկ Սազանդարյանի դասարանում: Հանդես է եկել մենահամերգներով եվրոպական մի շարք երկրներում: Դ. Ամիրյանը Գերմանիայում հիմնել է սեփական վոկալ-ստուդիան, որտեղ էլ մինչ օրս դասավանդում է դասական վոկալ: 2019թ. արժանացել է Դյուսբուրգ քաղաքի հատուկ մրցանակի` երկարամյա մանկավարժական գործունեության և երգարվեստում մեծ ավանդի համար:
ՅՈՒԼԻԱ ԿԱՐԱՏԱՇԸ ավարտել է Վուպերտալի /Գերմանիա/ կոնսերվատորիայի դասական մեներգեցողության բաժինը: Հանդես է եկել մենահամերգներով եվրոպական մի շարք երկրներում: Գերմանիայում hիմնել է սեփական վոկալ-ստուդիան, որտեղ էլ մինչ օրս դասավանդում է դասական վոկալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները