Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 1-ին
2021-2022 ուստարվա պարապմունքները սկսվում են 2021 թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2022 թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար: Ուսումնական պարապմունքների ժամկետները և սովորողների արձակուրդները հաստատվել են ԿԳՄՍ նախարարի հրամանով։
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, 2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ. աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:
ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում:
Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: