Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում
ՀՀ ԱՆ «Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն»-ում այս ամիս առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։ Եվրոպացի հայտնի փորձագետների աջակցությամբ` «Cure2Children» բարեգործական հիմնադրամի և բժիշկ Լոուրենս Ֆոլկների հետ, Արյունաբանական կենտրոնի թիմն իրականացրել է մանգաղաձև բջջային անեմիայով երեխաների` դոնորից վերցված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում:
Ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը ասուլիսում ասաց, որ հուլիսի 7-ին իրականացվեց առաջին ալոգեն փոխպատվաստումը Նիգերիայից 5 տարեկան երեխայի մանգաղաձև բջջային սակավարյունությամբ, ում դոնորը հանդիսանում էր իր զույգ քույրը և Կամերունից 1․8 տարեկան երեխայի նույնպես մանգաղաձև բջջային սակավարյունությամբ, ում դոնորը 12 տարեկան եղբայրն էր։
Նա ասաց, որ նախապատրաստական աշխատանք է կատարվել, որը 18 օր է տևել, ստացել են դեղամիջոցներ, հետո իրականացվել է փոխպատվաստումը: Դոնորից վերցրել են ոսկրածուծի ցողունային բջիջները:
Կարեն Մելիքսեթյանի խոսքով, ծրագրի մեկնարկը կարևոր է, լավ նախատիպ է ծրագիր սկսելու համար: Նա նշեց, որ մանգաղաձև բջջային սակավարյունությամբ հայերը չեն հիվանդանում, աֆրիկյան, արաբական պետություններում, Հնդկաստանում է հանդիպում:
«Մանգաղաձև բջջային անեմիան Հայաստանում չունենք, քանի որ գենետիկորեն չենք հիվանդանում այդ հիվանսությամբ»,- ասաց նա:
ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը հայտնեց, որ արտասահմանից երեխաների ոսկրածուծի փոխպատվաստման 10 դեպքի պայմանագիր ունեն, առաջին երկուսը վիրահատվել են, փոխպատվաստումն անցել է հաջող, կրիտիկական փուլն անցել է, պետք է սպասել հաջորդ հիվանդներին փոխպատվաստմանը:
Ասուլիսին ներկա բժիշկ Լոուրենս Ֆոլկներն ասաց, որ հայ մասնագետներն են իրականացրել փոխպատվաստումը, ներկա է եղել խորհրդատվության տեսքով օգնելու նրանց: Նրա գնահատմամբ, երեխաները լավ են զգում իրենց:
«Իմր աջակցությունն այստեղ այլևս հարկավոր չէ, վերադառնում եմ Իտալիա»,- ասաց բժիշկը:
Նշվում է, որ ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը ՀՀ-ում աննախադեպ է, բացում է մեծ հնարավորություններ՝ բուժելու արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաներին և մեծահասակ հիվանդներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները