Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է ծանր վիրավորումով, մյուս երեքի վիճակը բավարար է. Գնել Սանոսյան
Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, եռակողմ բանակցությունների արդյունքում, ժամը 10։40–ից հրադադար է հաստատվել, այս պահին կրակոցներ չկան ոչ մի ուղղությամբ սահմանագծի փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի երեք կորուստ, երեք վիրավոր և մեկ անհետ կորած։
Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ անհետ կորած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է, նա ծանր վիրավորում է ստացել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Մյուս երեք վիրավորների առողջական վիճակը, ըստ Գնել Սանոսյանի՝ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք ևս ժամկետային զինծառայողներ են։
Գեղարքունիքի մարզպետի փոխանցմամբ՝ այս պահին մարզում իրավիճակը կայուն է, խուճապ չկա։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ։
Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:
Ավելի ուշ, ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան