Թադևոս Ավետիսյան. Հայաստանում անտեր վիճակ է
«Եղավ այն, ինչ կանխատեսում էինք։ Մենք Արցախի հարցն արդեն մոռացել ենք։ Այսօր Հայաստանի սուվերեն տարածքում են գտնվում ու կրակում թշնամու զինվորները»,-ասաց տնտեսագետ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում են թշնամու զինվորները՝ ոչ թե գերեվարված են, կամ կալանավորված, այլ՝ իրենց ձեռքով փորած խրամատում, զենքն էլ՝ ձեռքներին, հրամանատարական կազմով։
«Մեկ զինվոր չէ, երկու զինվոր չէ։ Նրանք պարբերաբար սադրիչ գործողություններ են իրականացնում՝ անընդհատ հյուծելով մեր դիմադրողականությունը։ Կանցնի մի քանի օր, սրան էլ կհարմարվենք, սա էլ արդեն իրողություն կդառնա»,-ասաց դաշնակցական գործիչն ու ընդգծեց, որ թշնամու գործողություններին օրվա իշխանությունների պատասխանն անհամարժեք է։
«Հայաստանում անտեր վիճակ է»,-նշեց նա։
Ավետիսյանի խոսքով՝ Արցախի 44-օրա պատերազմում կրած պարտությունից էլ դասեր չքաղեցինք, քանի որ օր այս ամենի համար մեղավոր ու պատասխանատու խմբակը վերարտադրվեց։
«Իհարկե, վերարտադրվեց կեղծիքներով, հանրությանը ստելով, մանիպուկյացիայի ենթարկելով, տարբեր տեխնոլոգիաներ իրականացնելով, բայց փաստն այն է, որ այսօր կրակում են Հայաստանի սահմաններին»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում անցած գիշեր Ադրբեջանը դիմել է սադրանքի՝ հարձակվելով հայկական դիրքերի վրա։
ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, մարտական գործողությունների հետևանքով երեք զինծառայող մահացել է, չորսը՝ վիրավորվել։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Վիրավորների թիվը 4-ն է
- ՊՆ. ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն
- ՊՆ. Ադրբեջանական ստորաբաժանումները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր
- ՊՆ. Ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան