Պատմում են այսօր ադրբեջանական հարձակումից վիրավորում ստացածները
Գիշերը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություն։ Նրանց հետ զրուցել է «Զինուժ» մեդիան։
«Մառախուղ էր, իրենց «բլինդաժը» մեզանից 10 մ էր ներքև։ Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց, «գրանատամյոտ»-ով, որ խփեցին, աչքերիս դեմքը սեւացավ։ Կրակում եմ, բայց շատ չհասցրեցի, որովհետև ի վիճակի չէի, չէի կարողանում քայլել, անընդհատ ընկնում էի»,- պատմում է վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Ղազարյանը։
Իսկ ահա ժամկետային զինծառայող Անդրանիկ Ալեքսանյանը հետևյալն է պատմում․
«Սովորականի պես ծառայությունն իրականացնում էինք։ Հանկարծակի սկսեցին կրակ բացել մեր ուղղությամբ ։Իրենք սկսեցին կրակել ժամը ՝3։30-ի կողմերը։ Մենք պատասխանը տվեցինք, փորձում էինք ամեն ինչ անել։ Ապաքինվելուց հետո մեկնելու եմ իմ զորամաս ու շարունակել ծառայությունս նույն ձև՝ նորից պոստեր բարձրանալով ու սահմանները պահելով»։
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկացրեց, որ մի վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ բավարար և մեկինն էլ՝ միջիջին ծանրության։
«Մեկ վիրավոր առավոտյան 10․30-ին տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ, ընթանում է վիրահատություն։ Երկուսն էլ հոսպիտալ են տեղափոխվում, ճանապարհին են։ Մտահոգիչ է Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը։Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, քանի որ երկու անգամ է վիրավորում ստացել»,- հայտնեց Օհանյանը միաժամանակ նշելով, որ զինծառայողի վիճակը կայունացվել է և այս պահին տեղափոխվում է Երևան