«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներ. Մեր լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին
Հուլիսի 28-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում։
Դաշինքների տարածած համատեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հարկ են համարում հայտարարել՝
1․ ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։
2․ Հայաստանյան հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ։
3․Բաքվի բռնապետը պետք է հստակորեն հասկանա, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի՝ ձևավորվել է խորհրդարանական ազգային և առողջ ընդդիմություն, որը օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները և լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու և ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։
4․ Մեր լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին և սպաներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու գործում։
5․ Խորին ցավակցություն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերի զոհված զինվորականների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Զինծառայողները զոհվել են հենակետերից մեկի գրավելու հետևանքով
- ՊՆ. Վիրավորների թիվը 4-ն է
- Գեղամ Նազարյան. Առաջարկում եմ անհապաղ հրավիրել «Հայաստան» դաշինքի նիստ
- ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
- Թագուհի Թովմասյան. Հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում..
- Տիգրան Աբրահամյան. Պետք է ներկայացվեն ռուսական կողմի նախաձեռնության պայմանները