Ֆրանսիայի դեսպան․ ՀՀ մշակութային ժառանգության հանդեպ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է համաշխարհային ժառանգության նկատմամբ
«Մեզ համար հնագիտությունը երկրորդական դեր չունի․ այն նույնպես շատ քաղաքական տարրեր ունի իր մեջ։ Մենք մի տարածաշրջանում ենք, որտեղ կարող են դեպքեր լինել, երբ որոշ կողմեր փորձում են յուրացնել պատմական ժառանգությունը։ Սա ճիշտ է այս տարածաշրջանում, ինչպես որ նաև Ֆրանսիայում է եղել։ Հենց այս պատճառներով շատ կարևոր է, որ գիտական մոտեցումներով մենք այս հարցերին մոտենանք»,-այս մասին այսօր ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, որն Էրեբունի ամրոցում մասնակցում էր Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին։
Դեսպանի խոսքերով, այս տեսանկյունից ուրարտական ժառանգությունը շատ կարևոր է, այն շատ կարևոր է նաև Երևանի պատմության համար, այն հնագույն պատմության համար, որն այսօր Հայաստանն է, ինչպես նաև շատ կարևոր է ընդհանուր տարածաշրջանի համար։
«Այս ծրագիրը մաս է կազմում Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրագործվող ժառանգության ոլորտում ընդհանուր մեծ ծրագրերի։ Ֆրանսիան Հայաստանի հետ սկսելու է մի քանի տարվա կտրվածքով ժառանգության պաշտպանության, պահպանության համագործակցություն։ Մենք գիտենք, որ այսօր հայկական ժառանգությունը վտանգված է և ցանկանում ենք Հայաստանի կողքին լինել՝ պաշտպանելու ու արժևորելու այդ ժառանգությունը»,-ասաց Ժոնաթան Լաքոտը, հավելելով, որ սա հայ-ֆրանսիական համագործակցության մի ոլորտ է, որի խորացման ցանկությունը եղել է հենց նախագահ Մակրոնի կողմից։
Դեսպանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ այդ համագործակցությոնը ՀՀ տարածքում գտնվող ժառանգության շուրջ է։
«Մեսիջը, որ ցանկանում ենք հաղորդել այն է, որ հայկական ժառանգությունը համաշխարհային ժառանգության մաս է։ Հայաստանի մշակութային ժառանգության չափերն աննկարագրելի են ու այս ժառանգության հանդեպ ցանկացած ոտնձգություն ընդհանուր համաշխարհային ժառանգության նկատմամբ ոտնձգություն է»,-ասաց Ֆրանսիայի դեսպանը։
Նշենք, որ 2008 թվականից ի վեր Էրեբունի ամրոցում իրականացվում է հնագիտական պեղումների լուրջ ծրագիր։ Հայ և ֆրանսիացի հնագետների համագործակցության շրջանակներում իրականացվող հետազոտությունների այս ծրագիրը հիմնականում կենտրոնացած է բերդի մոնումենտալ կենտրոնի՝ ուրարտական տաճարների և մեծ սյունասրահի վրա: 2019 թվականին, անօդաչու թռչող սարքերի հետազոտման առաջին ծրագրից հետո, 2021-ին կրկին սկսեցին օգտագործվել նոր տեխնոլոգիաներ՝ բերդի 3D ֆոտոգրամետրական հետազոտության իրակակացման համար: Հետազոտությունները հնարավորություն տվեցին հստակեցնել մշակութային մեծ համալիրի կառուցվածքը: 2021թ․ պեղումների ընթացքում շարունակվեց Իուբսայի տաճարի հրապարակի ուսումնասիրությունը, որը հնարավորություն տվեց պատկերացում կազմել մ.թ.ա. 8-րդ կամ 7-րդ դարի սկզբում դրա վիճակի և տեղադրումների մասին:
Հետազոտության առարկա էր նաև երեսուն սյունով մեծ դահլիճը որպեսզի հստակեցվի դրա թվագրումը՝ ուրարտական ժամանակաշրջանի ավարտից մինչև Աքեմենյան Պարսկական կայսրությանը Հայաստանի ինտեգրումն ընկած ժամանակահատվածում (մ.թ.ա. 7-րդ դարի վերջ. - մ.թ.ա. 6-րդ դարի կեսեր):
Ուսումնասիրվում են նաև ամրոցի սահմաններից դուրս գտնվող բնակավայրերի հատվածները: Այս հետազոտություններից զատ, հայկական և ֆրանսիական թիմերի համագործակցությունը սկսեց անդրադառնալ այս բացառիկ ժառանգության, որը հասնում է մինչև Երևան քաղաքի սկզբնավորման ակունքները, գնահատման մեթոդներին, մասնավորապես՝ թվային տեխնոլոգիաների միջոցով։ Հետազոտությունների այս ծրագրին աջակցում են Երևանի քաղաքապետարանը, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Լաքոտ․Ֆրանսիայի նախագահի այցի ժամանակ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև
- Ժոնաթան Լաքոտ․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները չպետք է տեղի ունենան ուժի կամ այլ ազդեցության ներքո
- Ժոնաթան Լաքոտն արձագանքել է Հայաստանի սահմանին իրավիճակին՝ «Պատերազմի երեխաները» երգով
- Ժոնաթան Լաքոտ․ Մենք այնպիսի աշխարհում չենք, որտեղ ստեղծում ենք միջանցքներ ուրիշների տարածքների հաշվին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան