Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Ադրբեջանից սպառնում է հայերին «էլ ավելի դառը հետևանքներով»
«Քանի դեռ սահմանին շարունակվում են հայերի սադրանքները, անհնար կլինի տարածաշրջանում խաղաղություն ապահովել»,-այս մասին այսօր Գյանջայում կայացած խորհրդաժողովում ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոպը։
Հաղորդվում է, թե Շենթոփը հիշեցրել է «հայկական սադրանքների հետևանքները»:
«Եթե այս սադրանքները չդադարեն, էլ ավելի դառը հետևանքներն անխուսափելի են: Միջազգային հանրությունը պետք է նաև կոչ անի Հայաստանին՝ դադարեցնել սադրանքները, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում խաղաղությանը», - ասել է Շենթոփը:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնեց, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։