Ոսկե մեդալ՝ «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադայից
Հուլիսի 17-ից 24-ը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում առցանց ռեժիմով անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան:
Առարկայական ստուգատեսը, որը կայացել է երկու փուլերով՝ փորձնական և տեսական, կազմակերպել էր Լիտվան (ք. Վիլնյուս): Օլիմպիադային մասնակցել են 76 երկրների շուրջ 400 աշակերտներ։
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանի թիմը ներկայացել է 4 աշակերտներով, որոնք սովորում են 12-րդ դասարանում. Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից՝ Արտաշես Գյոլեցյանը, Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը, «Քվանտ» վարժարանից՝ Դավիթ Գյուլամիրյանը։ Հայաստանի թիմը ղեկավարել են Ա․ Շահինյանի անվան դպրոցի ուսուցիչներ Մեխակ Հայրապետյանը և Բիլոր Կուրղինյանը։
Օլիմպիադայի արդյունքների ամփոփման արդյունքում Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների։ Ոսկե մեդալ է ստացել Արտաշես Գյոլեցյանը, արծաթե մեդալ՝ Դավիթ Գյուլամիրյանը, բրոնզե մեդալներ՝ Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը (փակման արարողությունը՝ International Physics Olympiad 2021 Closing Ceremony - YouTube)։
Ֆիզիկա առարկայի 50-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 5 բրոնզե մեդալների։