Տիգրան Աբրահամյան. Տարբեր դետալների մասին հնչեցվում է հնարավոր բոլոր երկրներից, բացի ՀՀ-ից
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, անվտանգային հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում, ինչի մասին երեկ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց ՀՀ ՊՆ-ն և ինչի շուրջ էր այդ հանդիպումը։
Ավելին, երեկ Մոսկվայի նախաձեռնությամբ հաստատված հրադադարի պայմանների կամ ընդհանրապես մանրամասների մասին այդպես էլ ոչինչ չհաղորդվեց։
Այս պահի դրությամբ, Հայաստանի ղեկավարությունը պաշտոնական դիրքորոշում չի հայտնել մեր երկրին ներկայացված առաջարկների փաթեթի մասին, որի տարբեր դետալների մասին հնչեցվում է հնարավոր բոլոր երկրներից, բացի ՀՀ-ից»։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Մինչ այդ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր. «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Ադրբեջան սահմանի իրավիճակը Պուտինը քննարկել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ
- ՊՆ. ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն
- Թագուհի Թովմասյան. Հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում..
- Տիգրան Աբրահամյան. Պետք է ներկայացվեն ռուսական կողմի նախաձեռնության պայմանները
- ՊՆ. Ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են