«Ժողովուրդ». Սահմանային լարվածության ֆոնին երեկ որևէ հայտարարություն չեղավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հանրության համար անակնկալ կերպով պարզ դարձավ, որ Մոսկվայում պետք է բանակցություններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով: Բանն այն է, որ նախորդ օրը գիշերվանից ադրբեջանական կողմը նախահարձակ գործողություններ էր սկսել, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և չորս վիրավոր:
Եվ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում այսպիսի հատվածի ենք հանդիպում. «Հակառակորդը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: Սակայն հետաքրքիր է, որ մինչև այս պահը Մոսկվայում սպասվող որևէ բանակցության մասին տեղեկություն առկա չէր:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական կողմի առաջարկով հրադադար է հայտարարվում, սակայն որևէ տեղեկություն կրկին առկա չէր, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում, և ինչ խոստման դիմաց: Իշխանության ներկայացուցիչներն ավելի քան լուռ են: Սահմանային լարվածության ֆոնին երեկ որևէ հայտարարություն չեղավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից այն դեպքում, երբ նա նախկինում որևէ իրադարձության ժամանակ շտապում էր լայվ մտնել կամ գրառում անել, համախմբման կոչեր անել: Լուռ էր ոչ միայն նա, այլև նրա կուսակիցները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նրա խոսնակ Մանե Գևորգյանի հետ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան. իշխանությունները որդեգրել են դարձյալ գաղտնիության քողի ներքո քայլեր անելու տարբերակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: