«Հրապարակ». «Առաքելություն»՝ չգործող կուսակցություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակից, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը, ով ընտրություններից հինգ պակաս հրաժարական տվեց նախարարի պաշտոնից և Արցախի սոցապնախարար Մանե Թանդիլյանի հետ պետք է կուսակցություն ստեղծեր ու մտներ ԱԺ, անհայտ պատճառներով հայտնվեց լուսանցքում։
Ընտրություններից հետո նա կարծես թե դիրքավորվել է ընդդիմադիր դաշտում և գրառումներ է անում՝ քննադատելով մե՛կ ԱԺ պատգամավորների հավելավճարը բարձրացնելու օրինագիծը, մե՛կ քաղաքապետարանի աշխատակազմի վարձատրությունը բազմապատկելու նախաձեռնությունը։ Ըստ որոշ լուրերի՝ պատրաստվում է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, իսկ նրա շրջապատում խոսում են, որ համագործակցում է գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով աջակցում է այս քաղաքական ուժին և մտադիր է առաջիկայում քաղաքական դաշտի կարևոր խաղացող դառնալ։
Սակայն բանն այն է, որ «Առաքելություն» կուսակցության, թերևս, միակ հայտնի ներկայացուցիչը Մեսրոպ Առաքելյանն է, և անգամ նրա կուսակցությունից 2018-ին խորհրդարան անցած մի քանի պատգամավորները, որոնք ոչնչով աչքի չընկան, չեն ենթարկվում Առաքելյանին։ Երեկ պարզեցինք նաև, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից Լևոն Հովհաննիսյանը, ով «Առաքելության» ցուցակով է ավագանի մտել, ոչ թե այդ կուսակցության ներկայացուցիչն է, այլ՝ ՔՊ-ի, ավագանի մտնելուց 1 տարի անց՝ 2019-ին, անկուսակցական Հովհաննիսյանն անդամակցել է ՔՊ-ին։ Մեզ հետ զրույցում հարցին, թե ինչպես էր հայտնվել «Առաքելություն»-ում, ասաց՝ կուսակցությունից առաջարկ է ստացել ու չի մերժել։
Ի դեպ, Հովհաննիսյանը քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման որոշման նախաձեռնողներից է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: