Պեսկովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ռուսաստանի սահմանային կետեր տեղադրելու գաղափարի մասին
Կրեմլը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գաղափարը՝ հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով Ռուսաստանի սահմանային հենակետեր տեղակայելու մասին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչի մասին գրում է Tass-ը։
«Երևանի հետ շփումները շարունակվում են, ես ավելացնելու բան չունեմ», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը դիտում Փաշինյանի նախաձեռնությունը:
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ, աշխատանքները շարունակվում են:
«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում էր, դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ: Աշխատանքները շարունակվում են, Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ` ապահովելու համար համաձայնագրերի լիակատար իրականացումը», - նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ադրեբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ գործունեության իրավակարգավորումներով։ ՀԱՊԿ շրջանակներում նման առաքելության անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»։
Փաշինյանը նաև հավելեց, որ առկա իրավիճակը հաշվի առնելով՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։