Էսհաղ Ջահանգիրի. Ոչ մի սահմանափակում չկա ՀՀ-ի և Իրանի հարաբերությունների զարգացման համար
«Հայաստանի միանալը ԵԱՏՄ-ին նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը երկու երկրներում և հատկապես ազատ տնտեսական գոտու գոյությունը ևս դրական պայմաններ է ստեղծում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Միաժամանակ նաև որոշեցինք անհրաժեշտ քայլեր իրականացնել մաքսային մեկ պատուհանի մեխանիզմի կիրառման համար՝ սահմանային Նորդուս կետում իրագործել մեկ մաքսային պատուհանի մեխանիզմը»,- ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
Նա նշեց, որ վաղը Երևանում և որոշ կարճ ժամանակ հետո նաև Թեհրանում տեղի կունենա երկու երկրների գործարար համաժողովը, որը մեծ խթան կհանդիսանա երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար. «Սա կարող է նաև կարևորություն ունենալ երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մեր պատվիրակության կազմում են նաև Իրանի նախագահի տեղակալ և տուրիզմի կազմակերպության ղեկավարը, ով կկարողանա նաև իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում հստակեցնել մշակութային համագործակցության և տուրիզմի բնագավառում հարաբերությունների զարգացման քայլերը»:
Իրանի նախագահի առաջին տեղակալի խոսքով, Հայաստանի ու Իրանի հարաբերությունները զարգացման ուղիով են անցնում, հանդիպման ընթացքում քննարկվել են ամենատարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող խնդիրներ:
«Պաշտոնական փոխադարձ այցելությունները շարունակվում են, և ոչ մի սահմանափակում չկա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Տնտեսական բնագավառում «5+1» բանակցությունների շրջանակում Իրանի ձեռք բերած հաջողությունները նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար և նոր բնագավառներ բացում նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ծրագիրը, որը որոշ ժամանակահատվածի ընթացքում ուներ դժվարություններ, Հայաստանի վարչապետի Իրան այցելության ընթացքում և մեր բանակցությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և գործադրած ջանքերի արդյունքում, վերսկսվել է, և համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում կկարողանանք շինարարական աշխատանքները կհասցնենք ավարտին:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրների էներգետիկայի նախարարների և հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ պարոն Չիթչիանի և պարոն Զախարյանի ջանքերի համար: Ճանապարհային, տրանսպորտի, երկաթգծի և փոխադրումների հետ կապված մենք լավ քննարկումներ ենք ունեցել և համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը կապել Սև ծովին: Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար պարոն Ախունդին ինձ ուղեկցում է այս այցելության ընթացքում, և հուսով ենք, որ նա լուրջ քննարկումներ կունենա իր գործընկերոջ հետ»,- ասաց Էսհաղ Ջահանգիրին:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունը:
Նախորդող հրապարակում՝
Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵԱՏՄ-Իրան համագործակցության համար. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում