Փաշինյանն առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
Ադրբեջանի գործողությունների մեկ այլ ուղղություն, որ հստակ վարկաբեկման ու քայքայիչ միտում ունեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ համակարգը։ Այս ծրագիրը կյանքի կոչելու համար՝ սադրիչ գործողություններին զուգահեռ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, իբր, սադրանքներ գործելու մեջ։
Լինելով ՀԱՊԿ անդամ, որը սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, ՀՀ-ն հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, և ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրեբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ գործունեության իրավակարգավորումներով։
ՀԱՊԿ շրջանակներում նման առաքելության անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքերով, Ադրբեջանի փորձերը ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունեն իրականության հետ։
Փաշինյանն ներկայացրեց պատկերացումները՝ սահմանագծման, սահմանազատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ․ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանագծից թե հայ, թե ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով ռուս սահմանապահ զորքերի տեղակայում, սահմանային գծի մոնիտորինգ, ապա սահմանազատման աշխատանքների մեկնարկ։
«Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,-ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան